NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սևանն աղտոտվում է առաջին կարգի թունավոր նյութերով

Սևանում «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից նոր անօրինական արտադրամասի շահագործման արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրներով մտահոգված բնապահպանները պահանջում են ապամոնտաժել այն:
Այսօր' մայիսի 10-ին, բնապահպանները ևս մեկ անգամ բարձրաձայնեցին, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը անօրինական ձևով հանքաքարի մանրացման արտադրամաս է տեղադրել Սևանա լճի մոտ Սոտքի ոսկու գործարանում, որը ջարդում է ապարը, մաղում այն՝ կորզելով հանքաքարի ոսկու և արծաթի պարունակությունը, իսկ մնացած հանքաքարը թափոնների տեսքով մնում է Սևանում:
«Ըստ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի՝ Սոտքի հանքի շահագործման արդյունքում մենք կունենանք մոտ 300 մլն տոննա թափոն' սուլֆիդային ագրեսիվ շատ էլեմենտներ' մկնդեղ, քրոմ, կադմիում եւ այլն, որոնք թունավորության առաջին աստիճանի նյութեր են: Սոտք գյուղը, երբ վերջանում է՝ մինչև Քելբաջարի սահմանը 6 կմ տարածքով երկու կողմից էլ ճանապարհին արդեն կան թափոններ, որոնք կես տարին մեկ կիլոմետրով են ավելանում ու ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում»,- www.hra.am -ին հայտնում է «Էկոլուր» հասարակական կազմակերպության տնօրեն Ինգա Զարաֆյանը:
Այժմ և հետագայում սպասվող տեղումներն ավելի են արագացնում նման թունավոր նյութերի հոսքը Սևան:
Արդյունքում նախ խախտվում է ՀՀ Սևանա լճի մասին օրենքի 10-րդ հոդվածը, ըստ որի կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն,անմիջական ազդեցության գոտում արգելվում են'
ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
բ) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը և տեղադրումը.
գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը:
Խախտվում է նաև ՀՀ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքը, քանի որ, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մկրտչյանի՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը չունի արտադրամասի փորձաքննության դրական եզրակացություն:
«Շատ ցավալի է, որ բնապահպանության նախարարությունն արագ չի արձագանքում նման երևույթներին ու արտադրամաս կառուցելուց հետո են միայն տեղեկանում այդ մասին»,- ասում է «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը:
Մեկ այլ բնապահպան՝ ԱԺ բնապահպանական, սոցիալական և առողջապահական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադևոսյանը մտահոգված է, քանի որ նման արտադրամասի կառուցումը սկիզբ կարող է դնել ոսկու վերամշակման ամբողջական գործընթացի տեղափոխմանը Արարատ քաղաքից դեպի Սոտք։ «Սոս» բնապահպանական շարժումը նախորդ երկու տարիների պայքարի արդյունքում կարողացավ կանխել այն և ստեղծվեց ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով:
Խնդիրը լուծելու համար բնապահպանները դիմել են ինչպես վերոնշյալ հանձնաժողով, այնպես էլ՝ ՀՀ Բնապահպանության և Էկոնոմիկայի նախարարություններ, որտեղից պաշտոնական գրավոր պատասխան չեն ստացել:
«Մենք հրամայել ենք դադարեցնել արտադրամասի շահագործումը, մինչև «Գեոպրոմայնինգը» չներկայացնի փորձաքննության արդյունքները»,- www.hra.am-ին հայտնեց ՀՀ Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մկրտչյանը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
