NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դեպի Ազատության հրապարակ` նստացույցի
Բացօթյա առևտրով զբաղվող շուրջ երեք տասնյակ մարդիկ իրենց խնդիրների լուծման առիթով այսօր նախաձեռնել էին բողոքի ակցիա` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:
«Առևտրականներին սատարում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցության վարչության անդամներ Կարինե Հակոբյանն ու Սուսաննա Բարխուդարյանը: Ակցիային հետևում էին կողմնակի անձինք, որոնք, ենթադրաբար, քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցներ էին: Կարմիր բերետավորներն ու ոստիկանները, որոնց թիվը գերազանցում էր 6 տասնյակը, մասնակիցներին թույլ չտվեցին կանգնել նախագահական շենքի դիմաց»,- փոխանցում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:
«Մեզ մի' զրկեք ապրելու իրավունքից», «Մի' հարստացրեք սուպերմարկետները բացօթյա առևտրի հաշվին», «Պահանջում ենք աշխատանք», «Օրենքը պետք է գործի հանուն մարդու» և այլ լոզունգներով պաստառները պարզած` մասնակիցները կանգնել են նախագահի նստավայրին դիմահայաց վերևի կանգառում:
Բողոքի մասնակիցները շարժվել են դեպի Ազատության հրապարակ` նստացույցի:
«Վաղը ժամը 10:30-ին նրանք բողոքի գործողություն կիրականացնեն նաև Կառավարության շենքի դիմաց, որից հետո կվերադառնան Ազատության հրապարակ` շարունակելու նստացույցը»,-ասվում է «Ժառանգության» տարածած հաղորդագրությունում:
