NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Անմեղության կանխավարկածի իրավունք. դատավարությունը շարունակվում է

«Մեր նպատակն է անցնել բոլոր ատյանները Հայաստանում և դիմել Եվրադատարան»,- ասում է Մարիամ Սուխուդյանը, ով անցյալ տարի հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության դեմ` իր անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման համար:
Մայիսի 4-ին Վերաքննիչ դատարանը վերսկսեց Մարիամ Սուխուդյանի բողոքի քննությունը:
Նա անցյալ տարի հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանության դեմ` պահանջելով 1 մլն դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում, քանի որ ոստիկանությունը, ի դեմս` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ Շիրինյանի, «խախտել է իր անմեղության կանխավարկածը»:
Փետրվարի 7-ին ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Հայաստանում բարոյական փոխհատուցման ինստիտուտի բացակայությունը պատճառաբանելով, կարճեց քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցը: Ինչին հետևեց վերաքննիչ բողոքը:
Այսօր դատական նիստին ներկա չէին պաատասխանող կողմի` ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը և Մարիամ Սուխուդյանի փաստաբանը: Մ. Սուխուդյանը միջնորդեց հետաձգել բողոքի քննությունը, քանի որ ինքը փաստաբանի ներկայության անհրաժեշտություն ունի: Դատարանը մերժեց նրա միջնորդությունը, մեկնաբանելով, որ փաստաբանը պատշաճ ծանուցված է եղել և չի հայտնել իր բացակայության պատճառը:Ինչից հետո Մ. Սուխուդյանը որոշեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորների կազմին: Դատարանը մեկ օր ժամանակ տվեց ինքնաբացարկի միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար: Հաջորդ դատական նիստը կլինի վաղը`մայիսի 5-ին:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը`www.hra.am
