Ստեղծվեց Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Մայիսի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծվեց Տեղեկատվական վեճերի խորհուրդ, որի հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև' անձի արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը:

Խորհուրդը պատրաստվում է խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ ներկայացնել  զրպարտությանը, վիրավորանքին, մասնավոր կյանքի պաշտպանությանը և տեղեկատվության ազատությանը վերաբերող դատական գործերի մասին: Դրանք հիմնված կլինեն ՀՀ  օրենքների, միջազգային պայմանագրերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի և լրագրողական էթիկայի նորմերի վրա:

Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադիր անդամներն են Արա Ղազարյանը («Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակ), Շուշան Դոյդոյանը (Տեղեկատվության ազատության կենտրոն), Բորիս Նավասարդյանը (Երևանի մամուլի ակումբ), Արամ Աբրահամյանը («Առավոտ» օրաթերթ) Մանանա Ասլամազյանը («Արմմեդիա» ծրագիր): Խորհրդի կազմը կարող է ընդլայնվել նոր անդամներով հիմնադիր անդամների փոխհամաձայնեցված որոշմամբ:
 
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կարծիքով՝ Տեղեկատվական վեճերի խորհուրդն այն մեխանիզմն է, որը կարող է հնարավորինս կանխարգելել դատական սխալները խոսքի ազատությանը վերաբերող գործերով:

«Խորհրդի անդամներն իրենց ոլորտի պրոֆեսիոնալներն են, և ես հուսով եմ, որ նրանց տված եզրակացությունները որոշակի զսպող, հավասարակշռող դեր կունենան դատական գործընթացներում: Այն լրագրողների պաշտպանության կոմիտե չէ, այլ՝ տեղեկատվական վեճերի լուծման. զրպարտված, վիրավորված անձի և լրագրողի շահերը պաշտպանող խորհուրդ է, որպեսզի օրենսդրությունը չվնասի ոչ մի կողմին»,- պարզաբանեց Կարեն Անդրեասյանը:

Առանց Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունների բովանդակությանը միջամտելու՝ խորհրդին տեխնիկական աջակցություն  կտրամադրի ՄԻՊ գրասենյակը:

Խոսքի ազատությանը վերաբերող դատական գործերի, ինչպես նաև՝ ՀՀ օրենսդրությունում զրպարտության և վիրավորանքի դրույթների քննարկմանն էր նվիրված ՄԻՊ գրասենյակի կազմակերպած մայիսմեկյան «Մամուլի ազատություն» ֆորումը:

Շուշան Դոյդոյանի գնահատմամբ՝ վիրավորանքի և զրպարտության հոդվածների ապաքրեականացումն ունի իր դրական ազդեցությունը. «Չնայած այս պահին կա 12 դատական գործ ընդդեմ լրատվամիջոցների, բայց  ոչ մի լրագրող ֆիզիկական բռնության չի ենթարկվել վերջերս: Եթե կարողանանք որոշակիորեն ազդել դատական ճիշտ պրակտիկայի ձևավորման վրա, ապա ամեն ինչ կկարգավորվի»:

Մանանա Ասլամազյանը, ով փորձառու է այս ոլորտում (Ռուսաստանի Դաշնությունում գործող նմանատիպ խորհրդի անդամ է), մտահոգ է ոչ միայն դատարանի սխալ որոշումներով, այլ նաև՝ լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով. «Նախ պետք է այդ դատական գործերի համար նախապատրաստել դատավորներին, հետո' լրատվամիջոցների կողմից էլ ոչ պրոֆեսիոնալիզմ կա: Հուսով եմ' խորհուրդը կհավասարակշռի իրավիճակը: Մենք մեծ բեռ ենք վերցրել' փորձել անկախ գնահատական տալ: Եթե մենք անկախ և փաստարկված եզրակացություններ տանք, ապա ամենակախյալ դատարանը և  ոչ պրոֆեսիոնալ գործող լրատվամիջոցը հաշվի կնստեն դրա հետ' որպես արդար մտքի»:

Արամ Աբրահամյանը լիահույս է, որ խորհուրդը չի կրի ֆորմալ դեր, այլ` իր գործունեությամբ կհասնի  նրան, որ  դատավորները զրպարտությանը, վիրավորանքին, մասնավոր կյանքի պաշտպանությանը և տեղեկատվության ազատությանը վերաբերող հայց ընդունելուց առաջ կդիմեն խորհրդին' եզրակացություն ստանալու համար:

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը' www.hra.am