NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կրթության և աշխատանքի հավասար պայմանների պահանջ (վիդեո)
«Հաշմանդամությունը մի խնդիր է, որը կա, գոյություն կունենա ամբողջ կյանքում ու ոչ ոք ապահովագրված չէ և չի կարող ասել, թե վաղն իր հետ ինչ կլինի»,- ասաց Մարինե Ասատրյանը, ով Սպիտակի երկրաշարժի պատճառով հաշմանդամ է դարձել, սակայն կարողացել է ստանալ բարձրագույն կրթություն և իրավագետի որակավորում։ Նա կոչ արեց գործատուներին չտարբերակել հաշմանդամություն ունեցող մարդկանց։
Ապրիլի 29-ին հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառում էր կազմակերպվել Երևանում՝ «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» խորագրով։
«Ցավում եմ, որ մարդիկ դեռ չունեն ընկալումը հասկանալու այն մարդկանց, ովքեր գտնվում են ֆիզիկապես բարդ վիճակում ու ամենացավալին այն է, որ այդ հավասար իրավունքները միշտ չէ, որ ապահովվում են մեր երկրում»,- www.hra.am -ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ավելացնելով, որ ՄԻՊ գրասենյակը պատրաստվում է ստեղծել հատուկ օղակ, որը կաշխատի հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Երթը, որին մասնակցում էին Երևանի և մարզերի հաշմանդամություն ունեցող մարդիկ, ավարտվեց համերգով։ Համերգի ընթացքում մրցանակներ շնորհվեցին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին և ՎիվաՍելլ-ՄՏՍ-ին՝որպես հաշմանդամություն ունեցող մարդականց աշխատանքով ապահովող գործատուների։
«Երեխաները, եթե ավարտում են հատուկ դպրոց, հետագայում զբաղվելու ոչինչ չունեն և ինքնըստինքյան դուրս են մնում հասարակությունից»,- իր մտահոգությունը կիսեց Գավառի «Արևշատ» հատուկ կարիքավոր երեխաների հիմնադրամի տնօրեն Արփինե Արևշատյանը.այս հիմնադրամն աշխատում է շուրջ 300 երեխաների հետ:
Նրա հավաստմամբ՝ ամենամեծ խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ ընտանիքները, ամաչելով հասարակությունից կամ վախենալով, թաքցնում են իրենց հիվանդ երեխաներին՝ այդպիսով չթողնելով, որ նրանք ինտեգրվեն հասարակությանը և կրթություն ստանան։
Ներառական կրթությունը շատ է կարևորում նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Նա մասնակցում է մի նոր օրենքի ստեղծմանը, որով ընդհանրապես կվերացվեն հատուկ դպրոցները Հայաստանում և կլինի համատարած ներառական կրթություն:
«Օրենքը գրում ենք, բայց այդ օրենքը կարդացող չկա, մենք երեխաների իրավունքների հետ առնչվող միջազգային կոնվենցիաները վավերացրել ենք, ըստ հաշմանդամների պաշտպանության կոնվենցիայի՝ կա ցանկացած մարդու հավասար իրավունքների պահանջը, բայց այն պաշտոնյաները, որոնք պարտավոր են դրա հետ առնչվել, կասկածում եմ կարդացել են այդ կոնվենցիան, թե՝ չէ»,- ասաց Անահիտ Բախշյանը։
Ա.Բախշյանը նշեց, որ Հայաստանում 10 տարի պահանջվեց, որ մարդիկ հասկական, թե ինչ է ներառական կրթությունը: Այժմ Տավուշի մարզում, որտեղ չկա հատուկ դպրոց, տարվում է փորձնական պետական ծրագիր այդ տարածաշրջանում ներառական կրթություն իրականացնելու համար, որը տիկին Բախշյանին հույս է տալիս, որ Հայաստանն էլ Իտալիայի պես մի օր «ո՛չ» կասի հատուկ դպրոցներին:
Ակցիան կազմակերպվել էր «Հույսի կամուրջ» և «Առաքելություն արևելք» կազմակերպությունների կողմից Դանիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Համերգի կայացմանն աջակցել էր նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
