Հուզված և նյարդայնացած պատգամավորը «հանգամանքների բերումով» հայհոյել է լրագրողին

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը փորձում է արդարացնել իր վստահորդի հայհոյանքները ուղղված «Հետքի» լրագրողին' մեկնաբանելով, որ հուզված և նյարդայնացած պատգամավորը «հանգամանքների բերումով» է հայհոյել:

Ապրիլի 27-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Աիդա Դավթյան) շարունակվեց «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի՝ պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը։

Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց ներկայացրած լրագրողը պահանջում է հրապարակավ ներողություն և 1 միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և միջազգային կոնվենցիաների դրույթների։ Պատգամավորի ներկայացուցիչները հաշտության առաջարկ չարեցին և դատավարությունը շարունակվեց։

Պատասխանող կողմը բանավոր ներկայացրեց հայցապահանջի վերաբերյալ իր առարկությունները։ Փաստաբան Գևորգ Գևորգյանը գտնում է, որ հայցը ամբողջովին անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ վիրավորանք չի եղել։ Անձի պատիվը և արժանապատվությունը պաշտպանվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածներով, որից հայցվոր կողմը հրաժարվել է նախնական դատական նիստի ժամանակ։ Իսկ եթե նույնիսկ հրաժարված չլիներ, փաստաբանի խոսքերով' տվալ հոդվածը այս դեպքում կիրառելի չէ, քանի որ վիրավորանքը հրապարակայնորեն արված արտահայտությունն է, իսկ «հայցվորի հանդեպ արված ենթադրյալ արտահայտությունները եղել են մասնավոր հեռախոսային խոսակցության ժամանակ»։

Գևորգյանի կարծիքով՝ լրագրողը խախտել է Ռուբեն Հայրապետյանի անձնական կյանքի իրավունքը, քանի որ առանց զգուշացնելու ձայնագրել է հեռախոսազրույցը։ «Հայցվորի ենթադրյալ իրավունքի խախտումը եղել է հայցվորի կողմից պատասխանողի իրավունքը խախտելուց հետո և որի արդյունքում, բնականաբար, այդ պահին առողջական խնդիրներ ունեցող և լարված, ներվային վիճակում գտնվող անձի մոտ, հանգամանքների բերումով, առաջացել է նաև հուզմունք, և ինչ-որ տեղ, միգուցե, իրեն չտիրապետելով՝ ինչ-որ արտահայտություններ է արել, որոնք կհաստատվեն կամ չեն հաստատվի»,- նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ ձայնագրությունը հրապարակելով' լրագրողը ոչ թե նպատակ է ունեցել վերականգնել իր պատիվը, այլ վարկաբեկել և արատավորել պատգամավորի անունը։ Փաստաբանը գտնում է, որ լրագրողը չարաշահել է իր իրավունքները, իսկ ձայնագրությունը չի կարող դիտվել որպես ապացույց, քանի որ ձայնագրվել է օրենքի խախտումով։

Լրագրողի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանի հարցին, թե արդյո՞ք պատասխանողի ներկայացուցիչը կարող է մեկնաբանել հայհոյանքների այն հատվածը, որոնք տեղացել են այն բանից հետո, երբ Ռ. Հայրապետյանն իմացել է, որ խոսակցությունը ձայնագրվում է, Գեւորգ Գեւորգյանը հրաժարվեց պատասխանել: Անպատասխան մնացին նաև Վահե Գրիգորյանի' պատասխանողի ներկայացուցչին ուղղված մի շարք հարցեր. արդյո՞ք տեղի է ունեցել հայցադիմումում նշված հեռախոսային խոսակցությունը, Ռուբեն Հայրապետյանի ո՞ր իրավունքն է խախտվել նրան զանգահարելով, այս դատավարության ընթացքում ի՞նչ իրավական նշանակություն ունի այն, որ հայցվորը խոսակցությունը հրապարակել է լրատվամիջոցներով և այլն:

Դատական նիստի ընթացքում Գ. Գևորգյանը չընդունեց լրագրողի հասցեին արված վիրավորական արտահայտությունների իսկությունն այն դեպքում, երբ անձամբ Ռուբեն Հայրապետյանը հարցաքննության ժամանակ հաստատել է դրանք։

Այդպես էլ հստակ պատասխան չստացան Վահե Գրիգորյանի հետևյալ հարցադրումները. «Երբ լրագրողը մեկի հետ հարցազրույց է անցկացնում կամ հարց է ուղղում, արդյո՞ք դա իր անձնական պահանջմունքները բավարարելու համար է անում, այլ ոչ թե հրապարակելու» և «արդյո՞ք այն հայհոյանքները, որ պարունակում է CD-ն, հանդիսանում են Ռուբեն Հայրապետյանի անձնական կյանքի մի մասը և դրանց պաշտպանությունը ավելի գերակա է, քան անձի արժանապատվության պաշտպանությունը»։

Հայցվոր կողմը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել, որպեսզի իրենք ներկայացնեն այն հավելյալ ապացույցները, որոնք պատասխանող կողմը չի ներկայացրել։ Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 12-ը։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am