Վարորդները կազատվեն ավելորդ քաշքշուկից, սակայն անվտանգ երթևեկությունը երաշխավորված չէ

«Ճանապարհային ոստիկանության ոլորտում վերջին շրջանում կատարված բարեփոխումները նվազեցնում են կոռուպցիոն ռիսկերը, սակայն մի շարք խնդիրներ մնում են չլուծված»,- կարծում է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Եթե ավտոմեքենայի առջևի ապակուն փակցված է տեխզննման կտրոնը, դա դեռ չի նշանակում, որ ավտոմեքենան անցել է տեխնիկական փորձաքննություն և անվտանգ է երթևեկելու համար։ Ըստ նոր կարգի՝ վարորդը բանկում վճարում է 8000 դրամ պետական տուրք և ստանում համապատասխան կտրոնը, որը պետք է փակցնի դիմապակու ներքևի աջ անկյունում։ Դրանից հետո վարորդը պետք է դիմի լիցենզավորված կազմակերպություններին մեքենան տեխնիակական զննության ենթարկելու նպատակով, որի համար վճարված գումարից տվյալ կազմակերպությանն է փոխանցվում 5.500 դրամ։ Է.Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, 5-10 րոպեում ձևակերպում են թղթերը և տալիս վարորդին՝ առանց մեքենան ստուգելու:

«Այդ հարցը, մեր կարծիքով, մնացել է բաց, դրան պետք է լուծում տրվի։ Օրենքը քաղաքացուն չի պարտադրում ավտոմեքենան տեխզննման ենթարկել: Մեքենայի՝ սարքին լինելու պատասխանատվությունը դրված է սեփականատիրոջ վրա: Հսկողությունը բացակայում է»,- ասում է «Աքիլեսի» ղեկավարը՝ հավելելով, որ եթե տեխզննումը կրելու է ձևական բնույթ, ավելի լավ  է հանվի:

Օրենքով՝ այն ընկերությունը, որը պատշաճ մակարդակով չի իրականացրել տեխզննումը, պետք է տուգանվի 500 հազար դրամով: «Աքիլեսը» պաշտոնական մարմիններից հարցում է արել, և պարզվել, որ ոչ մի ընկերություն չի տուգանվել: Իսկ թե իրականում որքան պատահարներ են գրանցվում մեքենաների անսարք լինելու պատճառով, Հովհաննիսյանը դժվարանում է ասել: «2009-ին, եթե չեմ սխալվում, անսարքության պատճառով միայն  մեկ ավտոճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Սա պաշտոնական վիճակագրությունն է: Իրականում՝ ինչ է եղել, ես չգիտեմ»,- ասում է նա:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ այս տարի պատահարների մասին ավելի ստույգ տեղեկատվություն կունենանք. «Այս տարի ես համոզված եմ, որ շեշտակի աճելու է և՛ վթարների թիվը, և՛զոհերի թիվը, և՛ վիրավորների թիվը, որովհետև ԱՊՊԱ համակարգը ստիպում է, որ բոլոր պատահարները պատշաճ գրանցվեն»։

Հաշվի առնելով մարդկանց անվճարունակությունը՝ Ա. Պողոսյանը կողմ է տուգանքի չափերը կրճատելուն, ինչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը և վարորդներին դուրս բերում «հալածվածի» կարգավիճակից:

«Չնայած վարորդները երբեմն կարգազանց են և մեզ վատ են սպասարկում, բայց իրենք էլ հալածված են և նրանց պետք է պաշտպանել»,- ասում է սպառողների իրավունքների պաշտպանը։

«Աքիլես» կազմակերպության ղեկավարը դրական փոփոխություններից առանձնացնում է մի քանիսը։ Առաջինն այն է, որ հունվարի 1-ից կրկնակի կրճատվել են համարանիշը, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ վարորդական վկայականը կորցնելու դեպքում վարորդից գանձվող տուգանքները։ Երկրորդ՝ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ մինչև հունիսի 1-ը ավտոմեքենաները հաշվառումից ժամանակավոր հանող վարորդները կազատվեն յուրաքանչյուր 10 օրվա համար գանձվող 5000 դրամ տուգանքից, որը նախատեսում էր ԱՊՊԱ մասին օրենքը։ Երրորդ՝ վարորդները կարող են ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման քննական բաժանմունքներում ստանալ 1 օրով ժամանակավոր համարանիշ, որպեսզի մեքենայի հետ կապված գործարքների գնալիս 100.000 դրամով չտուգանվեն առանց համարանիշի երթևեկելու համար։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am