NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ստիլյագ՝ հասարակությունից տարբերվող մարդ
Ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» հերթական դատական նիստը։
«Երկիր» օրաթերթի ներկայացուցիչն այսօր դատարանին ապացույցներ է ներկայացրել, որ հայցվորի կողմից վիրավորական համարվող բառերը, բնավ վիրավորական չեն և, որ զրպարտչական որևէ տեղեկատվություն թերթը չի հրապարակել։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կարծիքով' օրաթերթը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին' անվանելով իրեն «ստիլյագ», «Քյավառա բարբառով խոսող», նաև մեջբերել է նախկին վարչապետ, Երևանի կոնյակի գործարանի նախկին փոխտնօրեն Հրանտ Բագրատյանի խոսքերը, թե «այդ լակոտը իր արտադրած կոնյակով խայտառակում է Հայաստանը Ռուսաստանում»:
Պատասխանող կողմը ներկայացրեց ստիլյագ բառի ծագումնաբանությունը' այն նշանակում է մարդ, ով տարբերվում է հասարակությունից, և վատ բառ չի համարվում։
Արզաքանցյանը «զրպարտություն» է որակել «Երկիր»-ի հոդվածում արված պնդումները, թե նա «ռուս գեղեցկուհիներ է Հայաստան տանում-բերում», «կազինոների մշտական հաճախորդ է», «ծեծ ուտելու սովորություն ունի» և «անցնող նստաշրջանի ընթացքում ընդամենը մեկ անգամ է երևացել Ազգային ժողովի միջանցքներում»:
Դատարանում ապացույցներ ներկայացվեցին նաև այն մասին, որ պատգամավորն, իսկապես, գեղեցկուհիներ «տանում-բերում» է, խաղատների մշտական հաճախորդ է (1 տարվա մեջ ընդամենը 1 խաղատուն այցելել է 33 անգամ), տիրապետում է մայրենի քյավառա բարբառին, ինչպես նաև' ներկայացվեցին փաստեր, որ Արզաքանցյանը հաճախ է ենթարկվել ծեծի։ Ապացույցներ ներկայացվեցին նաև, որ Արզաքանցյանը 2007թ. մինչ օրս բացակայել է ԱԺ նիստերից' 1630-ից շուրջ 1371-ից:
Դատավոր Ռուբեն Ափինյանը մերժեց պատասխանող կողմի երկու միջնորդությունները. ԶԼՄ-ի որոշ ներկայացուցիչների' դատարանում ցուցմունք տալու և Արզաքանցյանի' նիստին ներկա գտնվելու մասին:
«Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» հաջորդ նիստը տեղի է ունենալու մայիսի 24-ին, ժամը 12:00-ին:
Աղբյուրը՝ www.hra.am
