NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քոչարյանները հաշտության եզրեր չեն գտնում
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում քննվեց «Բելա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» գործը։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացուցիչները դատարանում հրաժարվեցին հաշտություն կնքել օրաթերթի հետ' նշելով, որ «Ժամանակը» առ այսօր անբարեխիղճ վարքագիծ է ցուցաբերել:
«Բանակցությունները սկսվել են, երբ խնդրել եմ հերքել տեղեկատվությունը։ Հերքման պատրաստակամություն էր հայտնել մյուս կողմը, բայց վերցրեց օրենքի պահանջները չպահպանելով բանաքաղեց բլանկով ներկայացված հերքման նախագծերը, և դրանք տեղադրեց թերթում։ Այսօրվա դրությամբ հաշտության եզրեր չենք տեսնում»,- դատարանում հայտարարեց Սարգիս Գրիգորյանը՝ Բելա և Սեդրակ Քոչարյանների շահերի պաշտպանը։
Քոչարյանների ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում անցած տարի սեպտեմբերին տպագրված երեք հոդվածների առիթով: Թերթը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ նախկին նախագահի տիկին Բելա Քոչարյանը կապ ունի «911» դեղագործական բիզնեսի հետ, իսկ որդին' Սեդրակ Քոչարյանը, ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում:
Քոչարյանների ներկայացուցիչը պնդեց, որ թերթում տպագրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այսպիսով՝զրպարտություն է և վիրավորում է իր վստահորդներին։ Քոչարյանները պահանջում են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաև՝ փոխհատուցել պատճառված վնասը՝ 6մլն դրամի չափով (1մլն՝ վիրավորանքի, 2մլն՝ զրպարտության և 3մլն՝դատական ծախսերի համար)։ Նշենք, որ հայցվորները պահանջել են Քաղաքացիական օրենսգրքի 1037 (1) հոդվածով (վիրավորանք և զրպարտություն) նախատեսված փոխհատուցման առավելագույն գումարը։
«Ժամանակ» օրաթերթը (փաստաբան Նիկոլայ Բաղդասարյան) դատարանում չընդունեց թերթին ներկայացված մեղադրանքները' պատճառաբանելով, որ հրապարակումներում վիրավորանք և զրպարտություն չկա: Ն.Բաղդասայանի համոզմամբ, եթե թերթը գրում է, որ Քոչարյաններն ինչ-որ կապեր ունեն դեղագործական բիզնեսի հետ, դա ոչ զրպարտություն է, ոչ էլ՝ վիրավորանք:
Այդուհանդերձ, օրաթերթը պատրաստակամություն հայտնեց հերքում տպագրել, եթե Քոչարյանները հստակ ներկայացնեն, թե տարածված կոնկրետ ո՞ր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Սակայն Քոչարյանների ներկայացուցիչներն հայտարարեցին, որ հաշտության գնալ չեն ցանկանում:
Այսօր ավարտվեց դատական գործի քննությունը։ Մայիսի 5-ին դատավոր Արայիկ Մելքումյանը կհրապարակի դատարանի վճիռը։
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝www.hra.am
