NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փոստանջյանների բողոքը գլխավոր դատախազին
Զարուհի և Տիգրան Փոստանջյանները ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին 17.03.2011 թվականին ուղարկած Հաղորդումը հանցագործության մասին ՀՔԾ-ի կողմից անհետևանք թողնելու, այն է' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, մասնավորապես' քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունելուց հրաժարվելու դեմ երեկ բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
Զարուհի և Տիգրան Փոստանջյանների 17.03.2011 թվականի Հաղորդումը հանցագործության մասին և 04.04.2011 թվականի Բողոքը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 143 և 308 հոդվածներով նախատեսված արարքներին, համաձայն որի' նրանք մեղադրում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանին պաշտոնեական դիրքի չարաշահման և խտրական մոտեցում դրսևորելու մեջ, ինչի հետևանքով կոպտորեն խախտվել է Տիգրան Փոստանջյանի հիմնարար իրավունքներից' անմեղության կանխավարկածը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք սկզբունքներ:
Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և գտնվում է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը' պարզ է դառնում, որ և փետրվարի 18-ին, և մարտի 12-ին ՀՀ դատախազության կողմից տարածված հաղորդագրությունները Տիգրան Փոստանջյանի հիմնարար իրավունքի' անմեղության կանխավարկածի կոպիտ խախտմամբ քրեական գործ սարքելու համար ունեին իրենց ուրույն նպատակը, ինչը դատաքննության ժամանակ ակնառու կդառնա արդեն լայն հանրության համար ևս: Չնայած նրան, որ քրեական գործը արդեն մի քանի օր է գտնվում է դատարանի վարույթում' Տիգրան Փոստանջյանին ապօրինի թույլ չեն տալիս տեսակցել հարազատների հետ:
Անմեղության կանխավարկածը խախտող հաղորդագրությունը հերքելու և իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու դիմաց փոխհատուցում պահանջելու Տիգրան Փոստանջյանի հայցն ընդդեմ ՀՀ դատախազության, որը ներկայացվել է 21.02.2011 թվականին, երբ նա դեռ ազատության մեջ էր, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից փետրվարի 24-ին ընդունվել է վարույթ:
ՀՀ գլխավոր դատախազության մարտի 12-ի, դարձյալ անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտող, Տիգրան Փոստանջյանի վերաբերյալ տարածած երկրորդ հաղորդագրությունը նույնպես հերքելու պահանջով այսօր Տիգրան Փոստանջյանը լրացուցիչ հայցադիմում է ներկայացրել դատավոր Ռուբեն Ներսիսյանին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր դեմ ներկայացրած բողոքը չի բավարարելու, բայց, միևնույն ժամանակ, քաջ գիտակցելով, որ Աղվան Հովսեփյանի նման դատախազները իրենց ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում շարունակելով թույլ տալ նորանոր ապօրինություններ, պետք է ժամանակին և ընդունված ընթացակարգով ստանան պատասխան' մենք արձանագրում ենք թույլ տրված անօրինականությունները, չենք պատրաստվում հանդուրժել դրանք և օգտագործելով դատական պաշտպանության իրավունքը, սպառելով ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված բողոքարկման ընթացակարգը' տեսանելի ապագայում հասնելու ենք արդարադատության:
Հիշեցման կարգով նաև հայտնենք քաղբանտարկյալներ պահող և այժմ էլ քաղաքական պատանդներ վերցնող Հայաստանի Հանրպետության անունից հանդես եկող հանցագործներին ու նրանց կամակատարներին, որ մեր գերդաստանը երբևէ չի ընկրկել ուժային հալածանքներից ու ճնշումներից, այդ թվում' НКВД-ի կողմից, որը իր օրերի դաժանությամբ հետապնդել է մեր մայրիկի ընտանիքը:
Իսկ թե ինչ խոսքերով է ժողովուրդն այսօր հիշում բյուրավոր մարդկանց և ընտանիքների ճակատագրերը խեղած բռնապետության հենարան այդ կառույցներին ու դրանց ղեկավարներին' պետք է սթափեցնող լինի այսօրվա Բաղրամյան 26-ի հրամանները կատարող ԱԱԾ-ի, դատախազության և ոստիկանության, ինչպես նաև նրանց սեփական ճաշակով օգտագործողների համար:
Զարուհի և Տիգրան Փոստանջյաններ
