NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հացադուլն ավարտվեց. պահանջները մնացին անպատասխան (վիդեո)
Մարտի 30–ին 15 օր 15 կետերից բաղկացած փոփոխությունների պահանջով Ազատության հրապարակում հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ավարտեց քաղաքացիական բողոքի ակցիան:
Հովհաննիսյանի քայլերը շատերը դիտարկեցին որպես նոր պայքարի ձև՝ մարդ, ով միայնակ կարողացավ 20000-ից ավելի քաղաքացիներից իրեն զորակցելու ստորագրություններ ստանալ: Ոմանք կեղծավորություն և շոու հայտնաբերեցին հոգևոր արարողությունների, օրհնված հացի և ազգագրական պարերի, դստեր ծննդի համար հացադուլը դադարեցնելու մեջ, բայց արձանագրվեցին փաստեր, որոնք տվեցին մի պարզ հարցի պատասխան, թե ինչ կարող է լինել մեկ մարդու հետ, եթե նա փորձի օգտվել իր սահմանադրական իրավունքից՝ խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքից (Հոդված 29):
Բռնությամբ թերևս չփորձեցին Հովհաննիսյանին դուրս հանել Ազատության հրապարակից, բայց բռնությունն այս պարագայում բողոքի ակցիան լիարժեք իրականացնելը սահմանափակելու ձևով դրսևորվեց, որը նաև միջազգային իրավունքի նորմի խախտում է (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2010թ-ի հուլիսի 9-ին ընդունված խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույց):
Ոստիկանները առաջին օրերին Հովհաննիսյանի համախոհներին չթույլատրեցին Ազատության հրապարակում վրան տեղադրել։
Մարտի 21-ին այաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում կոչ արեց ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի կամ հովանոցի տեղադրումը՝ որակելով ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ:
Միայն մարտի 23-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չարգելեցին տեղադրել վրանը, որը ծառայեց 6 օր՝ ապացուցելով, որ երբ գաղափարի համար համախմբվում են շատերը, նպատակը երբեմն իրականություն է դառնում, որից հետո անգամ գլխավոր ոստիկանապետն է այցելում հացադուլավորին ու տալիս թերևս «ամենակարևոր» հարցը՝ «...ոստիկանների հետ հո խնդիր չկա՞...»:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
