NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՄԻՊ պարզաբանում. «Արագ արձագանքման» ծառայության գործունեության վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել է, որ, անարդյունավետության և արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով, այլևս չի գործելու «Արագ արձագանքման» ծառայությունը:
Պարզաբանելով իրավիճակը` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեկ անգամ ևս հայտնում է, որ 091 008 817 հեռախոսահամարը կշարունակի ընդունել զանգեր` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով` դա չդիտարկելով որպես արագ արձագանքման ծառայություն:
Նախկինում, թեև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում գործում էր արագ արձագանքման ծառայություն և այդ մասին հայտարարված էր հասարակությանը, կար հեռախոսահամար, սակայն իրականում, այդպիսի ծառայության իրականացման կարգը իրավական կարգավորման ենթարկված չէր: Ընդամենը, աշխատակիցներից մեկը, զուտ բարի կամքի դրսևորմամբ, պատասխանում էր այդ զանգերին նաև աշխատանքային ժամերից դուրս: Հնարավորության դեպքում նա նաև ներկայանում էր դեպքի վայր, սակայն այդպիսի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովված չէին` ոչ տեխնիկապես և ոչ էլ իրավասությունների և պատասխանատվության շրջանակների առումով: Հիմա էլ բողոքները կընդունվեն և կփոխանցվեն նամակների և ընդհանուր բաժին` գործերին հրատապ ընթացք տալու նպատակով: Այսինքն, աշխատանքային ժամերին, ըստ էության, բողոքների ընդունման և արագ ընթացք ապահովելու տեսակետից ոչինչ չի փոխվում, այս փոփոխության արդյունքում որևէ բողոք անուշադրության չի մատնվի:
Արագ արձագանքման բարդ, շուրջօրյա գործունեությունը` առանց աշխատանքային հստակ ժամերի, անվարձահատույց և միայնակ իրականացնելու պարտականությունը մեկ աշխատակցին հանձնարարելը (ինչ կարգով գործել է այդ ծառայությունը), նույնպես մարդու իրավունքների խախտում է: Բացի այդ, նման կարևոր, պատասխանատու աշխատանքը պետք է դրվի ավելի լուրջ հիմքերի վրա, լինի հստակ կանոնակարգված, պարտադիր` կատարման համար, շուրջօրյա ու միանգամայն վստահելի: Մարդիկ, ովքեր զանգահարում են մարդու իրավունքների պաշտպանին` իրենց իրավունքների խախտման վերաբերյալ հրատապ բողոք ներկայացնելու, ակնկալում են շտապ արձագանք, և նրանք պետք է վստահ լինեն, որ այդ արձագանքը կլինի անհապաղ, և որ դա պատասխանատվություն ենթադրող հստակ պարտականություն է:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով այժմ ձևավորվել է աշխատանքային խումբ` արագ արձագանքման նոր ծառայության կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ արագ արձագանքման շուրջօրյա ծառայությունը` չլինելով օրենքի պահանջ, չունի օրենսդրական կարգավորում:
ՄԻՊ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
