NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱԺ պատգամավորը կարծում է, որ իրեն զրպարտել են
Ազգային ժողովի ևս մեկ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, օգտվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում անցյալ տարվանից կատարած փոփոխություններից, դատի է տվել «Երկիր» թերթին:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ և 1087.1 հոդվածների համաձայն զրպարտություն և վիրավորանք հասցնելու դեպքում պատասխանող կողմը կարող է տուգանվել մինչ 3մլն դրամով՝ գումարած դատական ծախսերը: Ըստ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արզաքանցյանի «Երկիր» թերթում հունվարի 13-ի տպագրված հոդվածը արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը:
Այսօր' մարտի 25-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ «Երկիր» թերթի դեմ վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը: Նիստին ներկա էին հայցվոր կողմը՝ Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի մասնակցությամբ, պատասխանող կողմը՝ «Երկիր» խմբագրություն ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լիաննա Գրիգորյանի և «Երկիր» թերթի խմբագիր Բագրատ Եսայանի մասնակցությամբ։ Նիստը նախագահում էր դատավոր Ռուբեն Ափինյանը:
Դատավարության ընթացքում հայցվորը ներկայացրեց պահանջը, այն է' պարտավորեցնել «Երկիր» խմբագրություն ՍՊԸ-ին «Երկիր» թերթում տեղադրել Տիգրան Արզաքանցյանի պատասխանը 13.01.2011թ.-ի 3/2326/ համարի «131 դեմք ու դիմակ» խորագրով հոդվածին, «Երկիր» խմբագրություն ՍՊԸ-ից բռնագանձել 3մլն դրամ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով Տիգրան Արզաքանցյանի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև «Երկիր» խմբագրություն ՍՊԸ-ից բռնագանձել 568,000 դրամ որպես կատարված դատական ծախսեր:
Դատավարության ընթացքում քննարկվեց տպագրված հոդվածը: «Երկիր» խմբագրության ՍՊԸ-ի ներկայացուցիչը նշեց, որ հոդվածի բոլոր այն տողերը, որոնք հայցվոր կողմը դիտարկում է որպես վիրավորական և զրպարտիչ, ունեն իրենց աղբյուրները, որոնք թեև չեն հրապարակվել թերթում, դրանց լայնածավալ լինելու պատճառով, սակայն դրանք կներկայացվեն հաջորդ դատական նիստերի ընթացքում` որպես ապացույց:
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին ժամը 14:00-ին:
Հ.Գ. Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի նույն հոդվածի համաձայն այս տարի առաջին անգամ կիրառվեց մաքսիմալ տուգանք՝ դատարանի կողմից պարտադրվեց Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին,Լևոն Սարգսյանին և Ռուբեն Հայրապետյանին զրպարտելու մեղադրանքով «Հայկական Ժամանակ» օրաթերթից յուրաքանչյուրի համար որպես փոխհատուցում գանձել 2 միլիոն 44.000 դրամ:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուրը՝ www.hra.am
