NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օմբուդսմենը խնդրում է հետամուտ լինել հրապարակում տեղի ունեցած միջադեպի լիարժեք բացահայտմանը
Մարտի 10-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որով խնդրել է ոստիկանապետին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանումներ տալ Հանրապետության հրապարակում ցուցարարների, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, տեղեկացնել քննության ընթացքի և արդյունքների մասին:
Գրության մեջ Անդրեասյանը խնդրել է նաև հետամուտ լինել տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ և բազմակողմանի վերհանմանը և առաջարկել քննության ընթացքում հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլև ականատեսների վկայությունները:
Ավելի վաղ՝ մարտի 3-ին ՄԻՊ գրասենյակը մարդու իրավունքների խախտումների և ոստիկանների կողմից լիազորությունների չարաշահման վերաբերյալ բանավոր հաղորդում է ստացել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Կարեն Անդրեասյանը և արագ արձագանքման խումբը անմիջապես գնացել են դեպքի վայր, սակայն չեն տեսել անօրինական որևէ գործողություն ո՛չ ոստիկանների և ո՛չ էլ քաղաքացիների կողմից: Սակայն ԱԺ պատագամավորները օմբուդսմենին տեղեկացրել են, որ ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիներին խաղաղ ցույց անցկացնել Կառավարության շենքի առջև և բռնություն են կիրառել քաղաքացիների ու անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորների նկատմամբ:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
