Վարչապետը վիրավորված է

Կառուցապատման շինթույտվություն ստանալու համար 137 օր և 20 քայլ գործողությունները, որոնց ծախսը գերազանցում է 1 մլն դրամը, ՀՀ Կառավարությունն այսօր կրճատեց մինչև 27 օրվա և առավելագույնը 7 քայլ գործողությունների:

ՀՀ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ներկայացրած ՀՀ շինարարության օբյեկտների կառուցապատման ընթացակարգերը կանոնակարգելու մասին որոշման նախագիծն արժանացավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությանը. «Այսպիսով էականորեն հեշտացվում է շինթույլտվությունների գործառույթը, կրճատվում են կոռուպցիոն ռիսկերը: Շինարարության ոլորտում սա էապես ապահովելու է բիզնես միջավայրի բարելավում»:

Քաղաքաշինության նախարարը ներկայացրեց նաև Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտևորման նախագիծը: Այն ներառում է Սևան ազգային պարկի ողջ տարածքը, որտեղ առանձացվել են կառուցապատման համար նպաստավոր տարածքներ` սեյսմիկ, ինժեներաերկրաբանական, բնապահպանական, պատմամշակութային և այլ գործոնների ու սահմանափակումների հաշվառմամբ:
Վարդան Վարդանյանը վստահեցրեց, որ նախագիծն անցել է համալիր քաղաքաշինական ու բնապահպանական փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն, ինչպես նաև` քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում` ԳԱԱ-ի հետ:

ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ անդրադարձավ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին և կառավարությանն առաջարկեց` որպես դրամաշնորհ 2011թ.-ի պետ.բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Բնապահպանության նախարարությանն առաջին եռամսյակի համար հատկացնել 101 մլն դրամ: Պատճառը ՊՈԱԿ-ում ստուգման արդյունքում առաջացած հարկային պարտավորություններն են, որոնք պետք է վճարվեն պետբյուջե: «Խնդիրն առաջացել է վիճարկելի հարկային մեկնաբանություններից, որոնք նախատեսված չէին: Եթե դրանք անմիջապես կիրառվեն, ապա կարող են բերել ՊՈԱԿ-ի էական ֆինանսական վատթարացման: Այդ պատճառով առաջարկում ենք գումար տրամադրել, որն անմիջապես էլ ետ կգնա պետ.բյուջե»:

Կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նշեց, որ կառավարության ընդդիմախոսները կիրառում են սադրիչ մեթոդներ և գործադիրին վերագրում բաներ, որոնք նրա ասելով` իրենք չեն արել ու չեն ասել. «Դրա վառ վկայությունն այն է, որ վերջին 3 օրերի ընթացքում պրովոկացիոն հայտարարություններ են տարածում, որ վարչապետն ասել է, թե մեզ ազգային արտադրող հարկավոր չէ, որ մեզ արտադրություն պետք չէ»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ասելով` այս ամբողջ աժեոտաժը սկսվեց վերջերս հեռուստատեսությամբ իր տված հարցազրույցից հետո. «Հասկանալի է` սա քաղաքական պայքարի ձև է, որի նպատակն է վարկաբեկել իշխանություններին։ Մենք շատ հանգիստ պետք է վերաբերվենք այսպիսի գործողություններին, որոնք մշտապես հետապնդում են իշխանություններին։ Բայց մենք մեր գործը պետք է անենք։ Մենք պետք է կարողանանք առավել արդյունավետ ներկայացնել մեր քաղաքականությունը, մեր բացթողումները, մեր թերությունները և թե ինչ գործողություններ ենք իրականացնում դրանք վերացնելու համար։»:

Աղբյուր՝ http://www.a1plus.am