NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոր Պաշտպանն անցել է գործի. Նա լռությունը կխախտի ամենայն հավանականությամբ ապրիլի 25-ին

Հայաստանի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանը նոր պաշտոնում այսօր սկսել է իր առաջին աշխատանքային օրը: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, նա առավոտյան եկել է աշխատանքի, հանդիպել աշխատակազմի հետ: ՄԻՊ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց, որ պաշտպանն այսօր առավոտյան ժամը 9-ից եկել է աշխատանքի: «Պաշտպանի գրասենյակի աշխատանքը շարունակվում է բնականոն հունով», -հավելեց նա` այլ մանրամասներ չփոխանցելով:
Նոր պաշտպանը հայտարարել էր, որ, ընդունված 100-օրյա ժամկետի փոխարեն, կպահպանի 50-օրյա լռություն: Լռությունը կխախտվի, ամենայն հավանականությամբ, ապրիլի 25-ին: «Կարծում եմ` կարող եմ ինձ նման բան թույլ տալ, քանի որ ոլորտն ինձ բավական հայտնի է, իսկ կոնկրետ գործերի ուսումնասիրության համար կօգտագործեմ լռության այս ընթացքը: Ես գիտեմ, որ «կոնկրետություն» վերացական գոյականի հետևում կոնկրետ մարդիկ են, որոնց համար սպասման յուրաքանչյուր օրը ժամկետ է, իսկ ես ուզում եմ ոչ թե երկարացնել, այլ կրճատել այդ ժամկետը», -հայտարարել էր նա:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ընտրություններում 83 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանն ընտրվել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան: ԱԺ-ում նրա թեկնածությանը դեմ էր հանդես եկել ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը, իսկ «Ժառանգություն»-ը չէր մասնակցել ԱԺ նիստերին:
Աղբյուր` Panorama.am
