NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՄԱԿ-ում քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների և ռասայական խտրականության վերաբերյալ հարցեր

Ժնևում փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն իր 78-րդ նստաշրջանում քննարկել է Հայաստանի 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցը: Զեկույցի քննարկմանը մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների, ոստիկանության, կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության ներկայացուցիչները:
ԱԳՆ-ից հայտնում են, որ զեկույցի քննարկումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում` կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է զեկույցը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայիով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները:
Պատվիրակության անդամները պատասխանել են կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` մասնավորապես ներկայացնելով ՀՀ ազգային փոքրամասնությունների կրթական, սեփականության իրավունքների, նրանց մշակութային, կրոնական ու լեզվական ավանդույթների պաշտպանությանն ուղղված միջոցառումներն ու զարգացումները: Զեկույցի քննարկմանը կհաջորդի կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը:
Ռասայական խտրականության վերացման կոմիտեն 18 անկախ փորձագետներից կազմված ՄԱԿ-ի պայմանագրային մարմին է, որը հսկում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի անդամ պետությունների կողմից կոնվենցիայի կատարման ընթացքը` 2 տարի պարբերականությամբ ներկայացվող զեկույցի միջոցով:
Մարտի 1-ին Արման Կիրակոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 16-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին: Նա հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման խնդիրներին, ՄԻԽ շրջանակներում ընթացող գործընթացներին Հայաստանի մասնակցությանը և ՄԻԽ օրակարգային այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, ցեղասպանության հանցագործության կանխարգելումը և խտրականության վերացումը:
ՄԻԽ նստաշրջանի ընթացքում ելույթներով հանդես են եկել Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, շուրջ ութսուն երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում այդ թվում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արտգործնախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի ղեկավարը:
Աղբյուր` Panorama.am
