Մարդու իրավունքների պաշտպանությունը ծառայություն է, սերվիս. ՄԻՊ թեկնածուն ներկայացրեց իր պատկերացումները

«Մարդու իրավունքների պաշտպանությունը ծառայություն է, սերվիս, և ես պատկերացնում եմ, որ այդ գրասենյակի ծառայությունները պետք է լինեն որակով, բարեհամբյուր, ջերմ շահագրգռված, որպեսզի մեր դիմումները շատանան ինչպես ամեն ծառայության մեջ», -այսօր խորհրդարանում պատգամավորներին ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իր պատկերացումները հայտարարեց ՄԻՊ թեկնածու Կարեն Անդրեասյանը:

Այդ իմաստով, ըստ պաշտպանի թեկնածուի, ՄԻՊ գրասենյակը «վերաբերվելով դրան որպես ծառայության, որի որակը պետք է լինի հաճելի, լավը օգտակար, կկարողանար ձեռք բերել վստահություն»:

Նա ելույթում անդրադարձավ նաև իր մասնակցությամբ լրատվամիջոցներում անձի վիրավորանքի ու զրպարտության հոդվածները ապաքրեականացնելուն ուղղված օրենսդրական փոփոխություններին, որը մեծ դժգոհություն էր առաջացրել լրատվամիջոցների շրջանում: Ասաց, որ խոսքի ազատության մասնագետ է, այդ ամենն արել է, որ Հայաստանը հետամնաց չլինի ու լավ է պատկերացնում իրավիճակը:

«Խոսքի ազատության սահամանափակումները ամենահետամնաց երկրներում լինում են քրեական պատասխանատվությամբ, իսկ առավել զարգացած երկրներն անցնում են քաղաքացիական պատասխանատվության: Շատ ավելի զարգացած երկրները ընդհանրապես խոսքի ազատության խնդիրները թողնում են լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման հույսին: Ես գիտեմ, որ լրագրողները դեմ են, որ դա կարող վնաս հասցվել լրատվամիջոցների և խոսքի ազատությանը, բայց ես կուզեի նշել որպես ՄԻՊ կուզեի լրագրողների հետ միասին պայքարենք, որպեսզի դատարանները հանկարծ կամայական և որևէ այլ տեսակի սխալ դատական վճիռներ չկայացնեին», -հայտարարեց ՄԻՊ թեկնածուն` նկատելով, որ ՄԻՊ ընտրվելուց հետո կհամախմբի «առողջ ուժերի, ոչ ծայրահեղ լրագրողների», որպեսզի այդ օրենքը չվնասի լրատվամիջոցներին:

Խոստացավ փաստաբանների հետ միասին աշխատել, քանի որ հասկանում է` Հայաստանում «արդարադատության իրավունքը խոցելի է»: Խոստացավ նաև աշխատել բնապահպանության ու այլ ոլորտներում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ:

Պատգամավորների հետ հարցուպատասխանից հետո խորհրդարանում կկազմակերպվի ընտրություն: Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ներկա չեն խորհրդարանում:

Աղբյուր`http://www.panorama.am