NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խախտումներ են հայտնաբերվել

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցական և նախադպրոցական որոշ հաստատություններում տարաբնույթ խախտումներ են հայտնաբերվել և մեղավորները համապատասխան տույժի կենթարկվեն։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետի հանձնարարությամբ այժմ համալիր ուսումնասիրություններ են կատարվում ֆինանսական, սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի պարտադիր նորմերի ապահովման, ինչպես նաև կրթադաստիարակչական մեթոդիկայի և մի շարք այլ ուղղություններով։
«Նման վերահսկողությունն արտառոց բան չէ, գուցե մի քիչ ավելի շեշտադրումներն են փոխվել, նկատի ունենք` երեխաների սնունդը, ջեռուցման խնդիրը, գուցե այդ կտրվածքով ավելի խստացվել է վերահսկողությունը քաղաքապետի կողմից: Դա զուտ մարդկային մոտեցում է. չէ՞ որ հարցը մեր երեխաներին է վերաբերում: Հիմքում դրված է հետևյալը, որ երեխաների հաշվին որևէ մեկը չգիտեմ ինչեր չանի»,- ասաց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Ի պատասխան «Ա1+»-ի հարցին, թե որ հաստատություններում են խախտումներ հայտնաբերվել` քաղաքապետարանից պատասխանեցին, որ աշխատանքային կարգով ընթացող ուսումնասիրությունների արդյունքները հանրությանը կներկայացվեն դրանք ամփոփվելուց հետո:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
