NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանը խախտում է բնապահպանական միջազգային կոնվենցիաները. բնապահպաններ

Սյունիքի մարզում բնապահպանական խնդիրները սրվում են։ Այս մասին այսօրվա ասուլիսին ահանզանգեցին բնապահպաններ Կարինե Դանիելյանը, Ինգա Զարաֆյանը և «Կանաչ Կապան» նախաձեռնող խմբի անդամ Լալա Ասլիկյանը։
Ինգա Զարաֆյանը նշեց, որ վերլուծելով Սյունիքի մարզկենտրոն Կապանի և հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը՝ պարզել են, որ հանքարդյունաբերությունը մեծ բնապահպանական խնդիրներ է առաջացրել մարզում։
Բնապահպանական խախտումներով գործող պոչամբարների պատճառով, ըստ Զարաֆյանի, աղտոտվում են Սյունիքի ջրերն ու հողերը։ Աղտոտված հողերի վրա աճեցվում է բանջարեղեն, այդ վայրերում արածում են կենդանիները, ինչն էլ մարդկանց մոտ բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում։ «Սյունիքի Ողջի գետը հանրապետության ամենաաղտոտված գետերից է»,- ասաց նա։
Բնապահպանները նշեցին, որ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Կապանում և Քաջարանում քաղցկեղածին համարվող ռադոնի մեծ քանակություն է հայտնաբերել։
Կարինե Դանեիլյանը Տաթևի վանական համալիրի տարածքի բարեկարգումը դրական համարելով՝ դատապարտեց հարակից տարածքում հանքավայր շահագործելու ծրագիրը։ «Ո՞վ պետք է գա այնտեղ, թունավորվի ու գնա։ Ոչ մի զբոսաշրջիկ չի գալու, անիմաստ է»,- նշեց նա։
Ըստ բնապահպանի՝ նման վարվելակերպով Հայաստանը խախտում է ստորագրած միջազգային կոնվենցիաների դրույթները։
«Մենք շարունակում ենք ունենալ դեպքեր, որոնք խիստ վտանգում են մեր լինել-չլինելը այդ կոնվենցիաներում։ Ուղղակի հայ հասարակության կյանքի իրավունքն է խախտվում»,- նշեց նա։
Լալա Ասլիկյանի խոսքով՝ այսօր Կապանի բնակչությունը մտահոգված է քաղաքին մոտ գտնվող բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործմամբ։
Նա նշեց, որ դեռևս 2007-ին ԳԱԱ մասնագետները հետազոտություններ են կատարել Կապանում և հողերի ու ջրերի աղտոտվածության վերաբերյալ մտահոգիչ փաստեր արձանագրել։ «Որևէ միջոցառում արվե՞լ է այս հետազոտությունից հետո։ Վիճակն ավելի է վատացել»,- նշեց նա։
Բանախոսներն արձանագրեցին, որ նաև բնապահպանական խնդիրներն են պատճառը, որ այսօր հանրապետությունից արտագաղթի ծավալներն աճել են։
Աղբյուր՝ www.tert.am
