NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Միջոցառումներ` Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ
Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, Երևանում և հանրապետության բոլոր մարզերում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Ամեն տարի Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը սահմանում է խորագիր, որի ներքո աշխարհի բազմաթիվ պետություներ միջոցառումներ են իրականացնում:
Այս տարվա խորագիրն է «Կանանց դերը քաղաքացիական պաշտպանության համակարգում»: Նշենք, որ Հայաստանը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է: Օրվա առթիվ նախատեսված են սեմինարներ, ցուցադրական վարժանքներ, տարբեր արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ վարքականոնների վերաբերյալ դասախոսություններ:
Կիրականացվի տարհանման, բժշկական օգնության կազմակերպում, կներկայացվեն արտակարգ իրավիճակի վայրում վարվեցողության կանոնները և այլն: Միջոցառումներում կընդգրկվեն հանրապետության դպրոցները: Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի սահմանափակվում միայն մարտի 1-ով, տարվա ընթացքում նույնպես իրականացնում է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված տարբեր միջոցառումներ:
Աղբյուր՝ armenpress.am
