NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կրոնական կազմակերպությունները կարծում են, որ իրենց իրավունքները օրենսդրորեն խախտվում են

Հայաստանում պետական կրոն չհամարվող, բայց պաշտոնապես գրանցված կամ ապագայում գրանցվել ցանկացող կրոնական կազմակերպությունները կարծում են, որ օրենսդրական նոր փոփոխությունները սահմանափակում են իրենց իրավունքները։
Այդ մասին հայտարարեցին տասնյակ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ փետրվարի 17-ին «ՀՀ խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի և հարակից օրենքների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ։
Նախորդ տարի ՀՀ կառավարության կողմից Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել առաջարկությունների փաթեթ, որով մի քանի փոփոխություններ են ուզում անել ՀՀ խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքում ու հարակից օրենքներում, որը կլոր սեղանի մասնակիցները որակում են, որպես իրենց իրավունքների սահմանափակում։
Նրանք համոզված են, որ խախտվում է ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված իրենց կողմից տեղեկություններ տարածելու ու ստանալու իրավունքը և ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքը, քանի որ միայն Առաքելական եկեղեցին, օրինակ, կարող է
տեղեկատվությունը տարածել էլեկտրոնային և այլ միջոցներով։
Նրանք չեն ցանկանում նաև ամսական մուծել 600000 դրամ պաշտոնապես գործելու համար, ինչպես նաև պահանջում են կրճատել ամենաքիչը 500 անդամ ունենալու պահանջը։
Ամենաշատը դժգոհում են «հոգեորսությունը» որպես իրավաբանական եզր օգտագործելուց։ Նրանք չեն համարում, որ պարգևատրումները և նյութական խրախուսանքները «հոգևորսության» ձև են՝ առաջարկելով, որ «հոգևորսությունը» ընդհանրապես չդիտարկեն որպես իրավական տերմին։
«Վենետիկի հանձնաժողովը արդեն իսկ քննադատել է նրանց փոփոխությունների առաջարկը՝ ասելով, որ փոխվի «հոգևորսություն» բառը ոչ պատշաճ «դավանափոխություն» բառով, և էապես կրճատվեն այդ սահմանումները, քանի որ ցանկացած քարոզչություն կարող է ընկնել «հոգևորսության» անվան տակ, որին կհաջորդի քրեական պատասխանատվությունը»,- մտահոգվում է Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը։
Փոփոխությունների համաձայն քրեական պատասխանատվությունը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 500ապատիկի չափով կամ մեկ տարի կալանքով։
Բոլոր տեսակ վիճելի սահմանումների փոխարեն Հայաստանի Ամբողջապետական Եկեղեցիների համագործակցության քարտուղար Սամվել Նավոյանը առաջարկում է գրել հետևյալ սահմանումը սահմանափակումների ժամանակ։
«Բավական էր պարզապես նշել, արձանագրել, որ ՀՀ-ում արգելվում է այնպիսի կրոնական քարոզչությունը, որը ուղղված է ընդդեմ մարդու իրավունքների ու ազատությունների, բարոյականության, առողջության, հասարակական անվտանգությանը ու կարգուկանոնի խախտող այնպիսի քարոզչությունը, որը ուղեկցվում է ֆիզիկական կամ այլ հարկադրանքով, այլ կրոնական կազմակերպության նկատմամբ ատելության սերմանումով»,- ասում է Նավոյանը։
ԵԱՀԿ կրոնի կամ դավանանքի ազատության փորձագիտական խմբի անդամ Ջ.Կինահանը նշեց, որ Հայաստանը պետք է միջազգային պայմանագրերից ելնելով ապահովի, որպեսզի բոլոր եկեղեցիները և կրոնական համայնքները, մասնավորապես, ոչ ավանդական համարվողները կարողանան իրենց կրոնը իրականացնել և դավանել առանց խտրականության։ Նա ողջունելի է համարում ՀՀ Արդարադատության նախարարի խոստումը հրապարակել կրոնական կազմակերպությունների կողմից մշակված առաջարկությունները ու դրանք դնել հրապարակային քննարկման Հայաստանում։
Իշխանյանը ևս, հաշվի առնելով, որ ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչի հետ, որից հետո հայտարարել է, որ կկազմակերպվեն քննարկումներ, կարծում է, որ սահմանափակումները որոշ չափով կվերանայվեն։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
