«Չենք հանդուրժելու». Բացօթյա առևտրով զբաղվողները աղմկոտ ցույց էին կազմակերպել կառավարության առջև

Մոտ մեկ տասնյակ առևտրականներ, որոնց Երևանի քաղաքապետարանն արգելել է փողոցում առևտուր անել, այսօր աղմկոտ ցույց անցկացրին կառավարության շենքի առջև։ Նրանք Հանրապետության հրապարակ են հասել նախագահական նստավայր գնալուց հետո։

Ցուցարարները հիմնականում կանայք էին, որ կառավարության հասցեին վիրավորական արտահայտություններ էին բղավում՝ «վախկոտներ», «դահիճներ», և այլն:

Նրանց պաստառների վրա գրված էին՝ «Ճանաչիր իմ ապրելու իրավունքը», «Հայը հալածվում է իր հայրենիքում», «Չենք հանդուրժելու», և այլն։ Կառավարության նիստից դուրս եկող նախարարները արժանանում էին աղմկոտ հանդիմանանքների։ Սակայն բոլորից բարձր բղավում էր Վարդգես Գասպարին, ում միշտ կարելի է տեսնել ցուցարարների կողքին:

Մոտ մեկ տասնյակ ոստիկաններ շրջափակեցին կանանց՝ արգելելով մոտենալ պաշտոնյաներին։

Աղբյուր՝ http://news.am