NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գիրք, որը պետք է ոգեշնչի կին քաղաքական գործիչներին

Փետրվարի 16-ին Բրիտանական խորհրդի Հայաստանյան գրասենյակը հասարակության դատին հանձնեց «Կին քաղաքական գործիչներից կին քաղաքական գործիչներին» ձեռնարկը։ Հեղինակները հույս ունեն, որ այն կոգեշնչի, կսովորեցնի և վստահություն կհաղորդի սկսնակ կին քաղաքական գործիչներին։
Ձեռնարկի շնորհանդեսով ավարտվեց 2008-ին մեկնարկած «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Բրիտանական դեսպանատան կողմից։ Ծրագրի շրջանակներում 5 խորհրդարանական և 5 արտախորհրդարանական կուսակցությունների 20 կին ներկայացուցիչ մասնակցել են հմտությունների զարգացման դասընթացների և փորձի փոխանակման ծրագրերով եղել արտերկրում։
«Բրիտանական խորհուրդը մեծ փորձ ունի կանանց հետ աշխատելու, և մեր փորձը ցույց է տալիս, որ մեր կին քաղաքական գործիչները ինքնավստահության պակաս ունեն»,- ասում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։ Նրա խոսքերով, ծրագիրը գենդերային չէ այն առումով, որ իրենք փորձում են ներկայացնել կնոջն ու տղամարդուն հավասար դիրքերից և խրախուսում են կնոջ և տղամարդու համագործակցությունը քաղաքական դաշտում։ Նա չի հերքում, որ Հայաստանում կին քաղաքական գործիչների հանդեպ կարծրատիպ կա։ «Ես չեմ կարող ասել, որ չկա խտրականություն, չեմ կարող ասել նաև, որ հնարավորությունները քիչ են։ Եթե կին քաղաքական գործիչը, որը խելացի է և ունի ցանկություն առաջ գնալու, ինչ-որ բանի կհասնի։ Միգուցե երկար ժամանակ պահանջվի, բայց կհասնի»,- համոզված է Արևիկ Սարիբեկյանը։
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը նշում է, որ Մեծ Բրիտանիայում էլ են կանայք ենթարկվում խտրականության։ Իսկ ի՞նչն է խանգարում կանանց զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ։ Դեսպանը համամիտ է կին թեկնածուների համար ընտրարշավներ կազմակերպող բրիտանական մի կազմակերպության տեսակետին, որն ընդգծում է 4 հիմնական պատճառ։ Առաջինը՝ քաղաքական կյանքի մշակույթը, երկրորդը՝ երեխաների խնամքը և ընտանիքում ունեցած պարտավորություններ, երրորդ պատճառն այն է, որ կանայք քիչ են վաստակում և չեն կարող մեծ գումարներ ծախսել իրենց ընտրարշավի վրա, չորրորդը՝ վստահությունն է։
Ծրագրի մասնակից ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը հույս ունի, որ գիրքը օգտակար կլինի այն կանանց համար, ովքեր ընտրել են դեպի քաղաքականություն տանող ճանապարհը։ «Այն կարծրատիպերը, որոնք կան քաղաքականության մեջ կնոջ կերպարի մասին, կնոջը ետ են մղում։
Մենք կողմ ենք հավասար իրավունքների քաղաքականությանը, որն ըստ էության մարդու իրավունքների հավասարությունն է»,- ասում է կին քաղաքական գործիչը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
