NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կարապետյանը իշխանությանը «կարմիր քարտ» ցույց կտա (video)

Փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ՀՀ իշխանություններին «դեղին քարտ» ցույց տալով, նախազգուշացրեց, որ մինչև փետրվարի 28-ին անցկացվելիք հանրահավաքը, եթե իրենց առաջարկած փոփոխություններին իշխանությունը ընդառաջ չգնա, քարտի գույնը կվերածվի «կարմիրի»:
ԱԼՄ հեռուստաընկերության պաշտոնապես փակվելուց հետո սա առաջին հանրահավաքն էր, կամ, ըստ Կարապետյանի, «ժողովրդական համաժողովը», որի անցկացման մասին հայտարարությունը տարածելու համար Կարապետյանը չէր օգտագործել մասսայական զանգվածային լրատվամիջոցը: Այս անգամ հանրահավաքը սակավաթիվ էր, որի բացատրությունը Կարապետյանը տեսնում էր իր հանրահավաքին մասնակցելու ցանկություն ունեցող մարդկանց առջև Արարատի, Արմավիրի և այլ մարզերի ճանապարհները փակելու մեջ:
Կարապետյանը համաժողովի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց, որ նպատակ չունի միանալ ո՛չ իշխանությանը, և ո՛չ էլ Հայ ազգային կոնգրեսին:
«Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, նույն մարդիկ են իշխանության մեջ, ոչինչ չի փոխվել, իրար փոխանցելով այս իշխանությունը առաջ են գնում՝ ուրիշներին վարկաբեկելով»,- հայտարարեց Կարապետյանը:
Անդրադառնալով ՀՀ սահմանադրությամբ ամրագրված «իրավական և սոցիալական երկիր» լինելու դրույթներին՝ Տ.Կարապետյանը ՀՀ մայր օրենքը անվանեց ձևական, որից հետո ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումը, որը նույն օրը «հատուկ պատվիրակության» կողմից հանձնվեց նախագահին:
Այդտեղ, մասնավորապես, ասվում է՝ պահանջում ենք առաջնահերթ կերպով իրականացնել հետևյալ քայլերը՝ քաղաքական ոլորտում անհապաղ ազատ արձակել քաղաքական այլախոհներին, բացառել Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին և թույլ չտալ արևմտյան խաղացող ուժերի մուտքը տարածաշրջան, պետական մակարդակով պաշտպանել ջավախահայության շահերը և աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր գտնվում են Վրաստանի իշխանությունների խիստ ճնշման տակ: Սոցիալ-տնտեսական ոլորտում՝ երկրում վերականգնել սոցիալական արդարությունը, ապահովել նվազագույն աշխատավարձի զգալի բարձրացում, բացառել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի հասարակական տրանսպորտի սակագների թանկացումը, կանխել չհիմնավորված գնաճը հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, նվազեցնել բանկերում օրեցօր աճող տոկոսադրույքները, բանկային վարկավորման տոկոսադրույքը սահմանափակել 7-8 տոկոսով, փոքր բիզնեսի համար սահմանել հաստատագրված ընդունելի հարկ, վերականգնել փողոցում առևտուր իրականացնողների աշխատանքը՝ առաջարկելով այլընտրանքային լուծումներ, կրկնապատկել նվազագույն սպառողական զամբյուղը, բարձրացնել կենսաթոշակները, բարձրացնել անապահով խավերի նպաստը, ապահովել անվճար բուժօգնություն անապահով խավերին, աջակցել երիտասարդ ընտանիքներին, վերացնել արտագաղթի պատճառները ու ապահովել ներգաղթի պայմաններ:
Այս պայմանները չիրականացնելու դեպքում Կարապետյանը պահանջելու է արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացում և իշխանափոխություն:
Հ.Գ. Հանրահավաքից առաջ մի քանի հոգի սկսեցին բաժանել ՀԱԿ-ի պաշտոնաթերթը, որտեղ նշված է հայտարարություն ՀԱԿ-ի կողմից փետրվարի 18-ին նախատեսվող հանրահավաքի մասին: Մի փոքր հրմշտոց եղավ Ժողովրդական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների և թռուցիկները բաժանողների միջև, որը արագ հանդարտվեց: Ժողովրդական կուսակցության երիտասարդները վրդովվել էին, թե ինչպես կարելի է այլ քաղաքական ուժի հանրահավաքի մասին հայտարարություն տարածել իրենց հանրահավաքի ժամանակ:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
