NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ոստիկանները փորձել են վախեցնել վարորդներին

Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները Գյումրիում այսօր' փետրվարի 11-ին, նույնպես շարունակել են իրենց ավտոերթի բողոքի ակցիան' ավտոմեքենաների մաքսազերծման նոր պայմանների դեմ: Նրանք շուրջ 100 մեքենաներով այսօր 12:45-ին դուրս են եկել ավտոերթի, որն ավարտվել է Գյումրու քաղաքային ոստիկանության առջև:
Ոստիկաններն այս անգամ էլ են փորձել խափանել ավտոերթը:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը «Ա1+»-ին ասաց, որ ոստիկաններն այսօր մի քանի վարորդների տարել են ոստիկանության բաժանմունք:
«Այսօր Ախուրյանի ոստիկանությունը առավոտյան երկու վարորդների ոստիկանություն է տարել' առանց որևէ օրինական հիմքի, որտեղ Ախուրյանի ոստիկանության պետը փորձել է քարոզ կարդալ, խրատել, ինչ-որ տեղ էլ վախեցնել վարորդներին, որ չմասնակցեն այս բողոքի երթերին»,- ասաց նա:
Լևոն Բարսեղյանը ոստիկանություն է շտապել, երբ վարորդները դիմել են վերջինիս օգնությանը: «Ես հասա Ախուրյանի ոստիկանություն, երբ որ 3-րդ վարորդին էին փորձում ոստիկանները դուրս բերել մեքենայից: Մի խոսքով, ոստիկաները երբ տեսան մեզ, փախան»,-նշեց նա:
Վարորդների երթին ուղեկցել են 10-ից ավելի ոստիկանության մեքենաներ: Երթն անցել է առանց միջադեպերի: Վարորդները միացրած լուսարձակներով անցել են փողոցներով: Ավտերթը տևել է մոտ 2 ժամ: Լևոն Բարսեղյանի խոսքերով' նմանատիպ ավտոերթեր են անցկացվել նաև Ստեփանավանում և Նոյեմբերյանում, ինչպես նաև Վանաձորում:
Վարորդները հավատացրել են, որ նման ակցիաներն անց են կացնելու ամեն օր, մինչև որ կառավարությունը հաշվի կնստի իրենց հետ:
Աղբյուր' www.a1plus.am
