NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գործի վարույթը կարճվեց. կդիմեն վերաքննիչ դատարան

Հայաստանում բարոյական փոխհատուցման ինստիտուտի բացակայությունը պատճառաբանելով՝ այսօր ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճել է քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցը։
Հայցվոր կողմի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը www.hra.am-ին հայտնեց, որ իրենք պատրաստվելու են բողոքարկել վճիռը արդեն վերաքննիչ դատարանում։ Սուխուդյանը համոզված է, որ խախտվել է իր անմեղության կանխավարկածի իրավունքը, և իրենք շարունակելու են պահանջել բարոյական վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ-ի չափով։
www.hra.am-ը պարբերաբար անդրադարձել է այս դատին, որտեղ նշվել է, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի հայոց լեզվի ուսուցչի՝ Լևոն Ավագյանի կողմից իր սաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու փաստը բացահայտելու արդյունքում քրեական գործ էր հարուցվել ոչ թե Ավագյանի, այլ Սուխուդյանի դեմ զրպարտության և սուտ մատնության մեղադրանքով, որը հետագայում կարճվել է:
Գործի նախաքննության փուլում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը 21.08.2009թ.-ին մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարել է, որ Մարիամ Սուխուդյանը անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց և անչափահասներին դրդել պատժելի արարքների։ Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում Սուխուդյանին անվանել է «հանցագործ»:
www.hra.am/am/tag/Sukhudyan
Կարինե Իոնեսյան
www.hra.am
