NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փոխգնդապետը չի ծեծել զինվորներին. ՊՆ մամուլի խոսնակը հերքում է
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր զորամասում փոխգնդապետ Սարգիս Տարախչյանի մասնակցությամբ ոչ մի միջադեպ չի արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը` հերքելով մամուլի այն հրապարակումը, ըստ որի` 33-ամյա Սարգիս Տարախչյանը մտել է ականազերծողների զորամիավորում և տեսնելով, որ ճաշարանից զորանոց վերադարձած զինվորները հանգստանում են, բռունցքներով ծեծել է ժամկետային զինծառայողներին, ոմանց գլուխները խփել պատին, ապա ձեռքն է վերցրել փայտե աթոռը ու դրանով շարունակել ծեծը:
Դավիթ Կարապետյանը նշեց նաև, որ մամուլում հաճախ են բանակին վերաբերող ստահոդ տեղեկություններ հրապարակվում, վերոնշյալ հոդվածն էլ դրանց շարքից է:
Նկատենք, որ ՊՆ-ն տարօրինակ կերպով է արձանագրում բանակին վերաբերող մամուլի հրապարակումներին, որպես կանոն նշելով, թե նման տեղեկություններ տպագրող լրատվամիջոցները այսպիսով իրենց ռեյտինգն են փորձում բարձրացնել:
Ուստի, ինչպես նշեց Դավիթ Կարապետյանը, (ով ի դեպ մեր զանգին պատասխանելու պահին Հայաստանում չէր), ՊՆ-ն դատի չի տալիս այդ լրատվամիջոցներին, այլ նախընտրում է «նրանց բարոյապես ոչնչացնելու տարբերակը»:
Թե ինչպես է դրսևորվում այդ տարբերակը` մնում է միայն ենթադրել:
Աղբյուր՝ www.news.am
