NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքների պաշտպանն իր կարիերան կշարունակի միջազգային ոլորտում (video)

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ իր հրաժարականի մասին դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային Ժողովին, քանի որ ստանձնում է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին նա հայտարարեց փետրվարի 2-ին հրավիրած ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ իրեն այսուհետ տեսնում է մարդու իրավունքների միջազգային ոլորտում:
Արմեն Հարությունյանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի 2010թ. զեկույցը և ամփոփեց իր պաշտոնավարման 5 տարիները: 2006 թվականից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը ՄԻՊ գրասենյակը ստացել է ավելի քան 18.346 դիմում-բողոք, որից 530-ը դրական լուծում է ստացել: Արդյունքում վերականգնվել են 8703 անձանց խախտված իրավունքները: Ներկայացված բողոքների վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց դժգոհությունը հիմնականում հետևյալ պետական կառույցներից են՝ Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ, Ոստիկանություն, դատարաններ և արդարադատության նախարարություն:
Օմբուդսմենը հայտարարեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարելի է կայացած համարել: Նա ձեռքբերում է համարում այն, որ իրեն ինչ-որ չափով հաջողվեց ՄԻՊ ինստիտուտը հեռու պահել քաղաքական որևէ ուժին ձուլվելուց, թեև կարծում է, որ դեռևս հասարակությունը այն չի ընկալում որպես լիարժեք ինքնուրույն կառույց:
ՄԻ պաշտպանը համամիտ է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այն դիրքորոշմանը, որ մարտիմեկյան զոհերի մահվան հանգամանքների չբացահայտումը լուրջ ձախողում է: «Իմ մոտեցումն այն է, որ իրավապահ մարմիններն օրենքով նախատեսված բոլոր միջոցառումներն արել են, բայց ես դժգոհ եմ, թե ինչպես են դա արել: Ես ավելի շատ այդտեղ իրավապահ մարմինների գործունեության որակի նկատմամբ կասկած ունեմ, բայց ես չեմ կարող ասել, որ չեն ցանկացել, միգուցե պրոֆեսիոնալիզմն է այդքան եղել»։
Որպես մարդու իրավունքների պաշտպան, Արմեն Հարությունյանը ցանկանում է, որ մարտիմեկյան դեպքերի արդյունքում ազատազրկվածներն ազատ արձակվեն: Մյուս կողմից, որպես իրավաբան, նա հասկանում է, որ դրանք տարբեր քրեական գործեր են և պետք է անհատական մոտեցում ցուցաբերել: «Ցանկալի կլինի, որ մոտեցումը միտված լինի նրանց ազատելուն, այլ ոչ թե հիմքեր գտնեն, որ նրանք մնան այնտեղ»,- հավելում է նա:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
