NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայ առաքելական եկեղեցու կողմից տարվում է տեղեկատվական պայքար աղանդների դեմ
Թե աղանդները, թե գուշակությունները հավասարապես վտանգավոր են. երկուսն էլ փորձում են խարխլել հայ եկեղեցու հիմքերը: Ինչպես "Արմենպրես"-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը' Հայ առաքելական եկեղեցու կողմից աղանդների դեմ տարվում է տեղեկատվական պայքար:
Քահանայի խոսքով' եկեղեցին երբեք չի կարող ուժի միջոցով պայքարել որևիցե մի երևույթի դեմ: Տեր Շմավոնը նշեց, որ հայ եկեղեցին երբեք մարդկանց չի փորձել գրավել ինչ-որ շահով: "Եթե հավատքը հիմնվում է շահի վրա, ապա նրա հիմքերը շատ անկայուն են. շահը վերացավ' հավատքը կկորչի: Մեր եկեղեցին ևս բարեգործություններ է անում, սակայն դրանում որևէ շահ չի հետապնդում: Ունենք ճաշարան, որտեղ անգամ աղանդավորներ են լինում",- ասաց քահանան' շեշտելով, որ բարեգործություն կատարելն Աստծո պատվերն է:
Ամենատարբեր աղանդներից, Տեր Շմավոնի խոսքով, հատկապես վտանգավոր են նրանք, որոնք փորձում են հնարավորինս աննկատելի դարձնել տարբերություններն իրենց աղանդի և Հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ հավատքի միջև: "Նրանք փորձում են ավելի նմանվել Հայ առաքելական եկեղեցու արտաքին ատրիբուտիկային, խոսքին, ձևին, չեն արգելում իրենց աղանդավորական կազմակերպության անդամներին մտնել եկեղեցի, մոմ վառել, աղոթք անել և այլն: Փաստորեն փորձում են գոյություն ունեցող սահմանը սքողել, թաքցնել",- ասաց Տեր Շմավոնը' միաժամանակ նշելով, որ դա շատ վտանգավոր միջոց է:
Արաբական երկրներում, ասենք, հայերն արաբ չեն դառնում, քանի որ ունեն հստակ, մեծ, գրեթե պատնեշային տարբերություններ մշակութային և մի շարք այլ առումներով, իսկ այս դեպքում' նրանք մտնում են մշակույթի մեջ:
Աղբյուր' www.armenpress.am
