Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 10 տարեկան է

Տասը տարի առաջ՝ 2001 թ. հունվարի 13-ին Հայաստանում ստեղծվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
Թեև հանձնաժողովի հիմնական գործառույթը ազատ և հավասար մրցակցության պաշտպանությունն է, Հայաստանում շատերը այն դիտարկում են որպես գները նվազեցնող կամ թանկացումները արգելող մարմին։ Միջազգային փորձագետների կարծիքով՝ սա սխալ մոտեցում է, քանի որ Հանձնաժողովը գներ կարգավորելու գործառույթ չունի, դրանով պետք է զբաղվեն այլ գերատեսչություններ, առաջին հերթին՝ Կենտրոնական բանկը:
Այնուամենայնիվ՝ բավական է երկրում որևէ գնային ցնցում առաջանա, մամուլն ու քաղաքացիներն առաջին հերթին իրենց հայացքն ուղղում են Հանձնաժողովին։ Դա նաև օբյեկտիվ պատճառներ ունի։ Նույնիսկ վարչապետն է ընդունում, որ մի շարք շուկաներում իշխում են օլիգոպոլիաները։ Իսկ օլիգոպոլիայի հիմնական դրսևորումներից մեկը գնային սպեկուլյացիաների միջոցով գերշահույթների ձևավորումն է։ Ուստի շատ հաճախ շուկայում տեղի ունեցող այս կամ այն պարենային ապրանքի կամ դեղորայքի գների կտրուկ ու միանգամյա բարձրացումը իրականում հենց հակամրցակցային համաձայնությունների ու մենաշնորհային դիրքի չարաշահման հետևանք է։ Սակայն Հանձնաժողովին երբեք չի հաջողվել հիմնավոր ապացույցներ ներկայացնել այդ կապակցությամբ, թեև եղել են տուգանման դեպքեր։ Նշենք նաև, որ Հայաստանը միջազգային կազմակերպությունների կողմից որպես կանոն բարձր գնահատականներ չի ստանում մրցակցության պաշտպանության առումով։
Շատերն այն կարծիքին են, որ Հանձնաժողովի գործունեության ցածր արդյունավետության հիմնական պատճառներից մեկը նրա լիազորությունների սահմանափակվածությունն է, ինչպես նաև կադրային ոչ մեծ ռեսուրսը։ Սակայն 2011 թ. Հանձնաժողովի լիազորությունները էապես ընդլայնվել են, ավելի ամրապնդվել է նյութատեխնիկական բազան, բարձրացվել են աշխատավարձերը։ Խստացվել են տուգանքները, Հանձնաժողովին տրվել է ստուգումներ կատարելու իրավունք։ Թե որքանով այդ միջոցառումները կանդրադառնան Հայաստանի մրցակցային միջավայրի վրա՝ ցույց կտան առաջիկա ամիսները։

Աղբյուր՝http://news.am