Տիգրան Կարապետյանը հրաժարվում է եթերից. Նա ֆինանսական աջակցություն չի խնդրելու իր ընկերներից

ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը մտադիր չէ գնել մարզային որևէ հեռուստաընկերություն, թեև իր այդ մտադրության մասին նա հայտնել էր իր վերջին ասուլիսներից մեկում։ Նա հայտարարել էր, որ իր այդ մտադրությունն ի կատար ածելու համար հավանաբար կդիմի Ռուսաստանի իր ընկերներին, որպեսզի վերջիններս ֆինանսական աջակցություն ցուցաբերեն։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանը նշեց. «Ես չեմ ուզում ոչ մի եթեր, որևէ զիջում։ Ես զիջումը կարող եմ ընդունել միայն ժողովրդի կողմից, և ոչ թե իշխանությունների։ Ու ոչ էլ ուզում եմ որևէ մի բան առել»,-հայտարարեց Կարապետյանը։ Նա նշեց նաև, որ փոխելու է ժողովրդի հետ շփվելու իր մարտավարությունը: «Եթերային գործչից դառնալու եմ ժողովրդի հետ դեմ առ դեմ շփվող հրապարակային գործիչ: Ես այսուհետ հասարակության հետ շփվելու եմ բացառապես հանրահավաքների միջոցով»,-հայտարարեց Կարապետյանը։
Նշենք, որ ԱԼՄ հեռուստաընկերությունը եթերում այլևս չի լինի հունվարի 20-ից։ ՀՌԱՀ-ի կողմից հայտարարված թվային հեռարձակման մրցույթում ԱԼՄ-ն պարտվել է «Երևան» հեռուստաընկերությանը։

Աղբյուր՝ http://news.am