Տ.Կարապետյան. Պայքարում եմ ոչ միայն «գցելու», այլև անարդարության դեմ

ԺԿ նախագահ, «ԱԼՄ» հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը հունվարի 19-ին, դարձյալ հանրահավաքի է հրավիրում իր համախոհներին: Panorama.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ խնդիրը, որի շուրջ նա համախմբում է ժողովրդին, ոչ թե ԱԼՄ-ի վերադարձն է հեռուստաեթեր, այլ անարդարության դեմ պայքարը, քանի որ եթե ինքը դարձել է քավութայն նոխազ, ապա ուզում է, որ ուրիշներն էլ չդառնան:

«Ես ձգտում եմ արդարությանը, բայց ոչ թե միայն իմ անձին վերաբերող, այլ ընդհանուր` համարելով, որ եթե մի ժողովուրդ անարդարության ու անազատության մեջ է ապրում, ապա չունի ապագա»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը շարունակեց` «Եթե մեր երկրում հնարավոր են ցինիկ ու բացառիկ անարդար գործողություններ, ապա դա պետք է անհանգստացնի բոլորին, քանի որ ըստ այդմ առաջ է մղվում ազգային անվտանգության խնդիրը:
Այսինքն` եթե ներդրում անողին, իր ներդրված մեծ գումարով, պետությունը «գցում է», ապա սա վտանգում է երկրի ապագան:

Ես միտումնավոր եմ այդ բառն օգտագործում, քանի որ տվյալ պարագայում գործ ունենք բառիս բուն իմաստով գցելու հետ»,- շեշտեց Տ.Կարապետյանը:

Նրա տեսանկյունից, իշխանությունն իրեն ուղղակի «գցելու», այսինքն` եթերից զրկելու փոխարեն, պետք է կանչեր ու ասեր, թե` մեզ ձեռք չի տալիս այս ներդրումը, եկեք ձեր գումարը ներդրեք այլ ոլորտի մեջ:

Ի դեպ, մեր զրույցի ընթացքում պարզեցինք, որ Տ.Կարապետյանը ստեղծված իրավիճակն ամենևին էլ չի կապում նախընտրական ժամանակահատվածով:

«Ի՞նչ նախընտրական...տենց բան չկա, նախընտրականը սկսվում է ընտրություններից երեք ամիս առաջ»,- բորբոքվեց նա ու ավելացրեց, որ ոչ մի նախընտրական խնդիր էլ չկա:

Բայց, այդուհանդերձ, Տ.Կարապետյանը չբացառեց, որ 2012թ-ի խորհրդարանական ընտրություններին հնարավոր է գնա միավորված քաղաքական որևէ ուժի հետ`հավելելով, սակայն, որ նման միտումներ դեռևս չկան:

Աղբյուր`http://www.panorama.am