NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քվեարկությունը կեղծելու մեղադրանք է առաջադրվել հանրապետական թեկնածուի եղբորն ու համախոհներին

Արագածոտնի մարզի Ճարճակիս համայնքի ղեկավարի դեկտեմբերի 26-ի ընտրություններում պարտված թեկնածուի` իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Քյարիմ Խուդոյանի եղբորն ու երկու համախոհներին քվեարկությունը կեղծելու մեղադրանք է առաջադրվել:
Հատուկ քննչական ծառայությանփոխանցմամբ, նախկին թեկնածուի եղբայրը՝ Քյազիմ Խուդոյանն ու թեկնածուի համախոհ Խաթուն Նադոյանը կալանավորվել են: Նրանք կասկածվում են ընտրությունների արդյունքները կեղծելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ` Քրեական օրենսգրքի 150 հոդվածի և 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Երրորդ կասկածյալի՝ Մարիամ Խուդոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը. նա միայն իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ է մեղադրվում:
Ճարճակիս համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Թալաբանի Սադեյանը: Նրա երկու մրցակիցներն էին հանրապետականներ Քյարիմ Խուդոյանն ու Շալիկո Դավոյանը:
Ըստ Հատուկ քննչական ծառայության, քվեարկության ավարտից հետո ժամը 21:00-ի սահմաններում, երբ ընտրական հանձնաժողովի անդամներն ամփոփել են ընտրության արդյունքները և քվեաթերթիկները կնքել, դրել են քվեատուփի մեջ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխելու համար, Քյարիմ Խուդոյանի եղբայրն ու համախոհները, չհամաձայնելով ընտրության արդյունքներին, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելով մտել են թիվ 14/1 ընտրական տեղամաս և հափշտակել քվեատուփը:
«Այսինքն, մուտք են գործել տեղամաս, փորձել են ազդել հանձնաժողովի վրա, փորձել են արձանագրությունները ոչնչացնել և այլն, որը նրանց չի հաջողվել, և քվեարկության արդյունքները ամփոփվել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Աբրամ Բախչագուլյանը:
Հանրապետական Քյարիմ Խուդոյանը «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Թալաբանի Սադեյանին պարտվել է ընդամենը 8 ձայնով. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվության համաձայն` Խուդոյանի օգտին քվեարկել է 98, Սադեյանի օգտին` 106, Դավոյանի օգտին` 39 ընտրող:
Աղբյուր՝ http://www.azatutyun.am
