NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախագահը շնորհավորեց ԶԼՄ ներկայացուցիչներին
Ինչպես և ամեն տարի, այնպես էլ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ իր նստավայրում ընդունելության էր հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ` Ս.Սարգսյանը, մասնավորապես, ասել է.
«Հարգելի լրագրողնե՛ր և լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր,
Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուրախ եմ այս ավանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում ձեզ ընդունելու համար:
Ընդհանուր առմամբ, անցնող տարին բավականին արդյունավետ էր ձեր աշխատանքի տեսանկյունից: Տարին նաև առանձնացավ հիմնականում առողջ քաղաքական բանավեճով, և շատ հաճախ այդ բանավեճի ակտիվ մասնակիցները նաև մեր լրատվամիջոցներն էին: Շատ լրատվամիջոցներ կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը և չդառնալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար: Մաղթում եմ, որ գալիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համարձակություն չպահանջվի որևէ հասարակայնորեն կարևոր ասելիք բարձրաձայնելու համար: Դա ես դիտում եմ, ոչ միայն ձեր` իբրև պրոֆեսիոնալների, այլև մեր ողջ հասարակության հասունության չափանիշ:
Մեկ անգամ ևս պիտի շեշտեմ, որ մենք բացարձակապես տրամադրված չենք կոծկելու պետական համակարգում կամ հասարակության մեջ առկա թերությունները, և այդ հարցում շարունակում ենք ունենալ ձեր աջակցության կարիքը: Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը, որպեսզի Հայաստանի հասարակությունը, ողջ պետական համակարգը, ամենատարբեր կառույցներն ու գործիչները կարողանան լրատվության հայելու մեջ տեսնել իրենց իրական պատկերը: Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներկայացված պատկերն էլ` աղճատված: Վստահ եմ, որ ձեր առողջ դատողությունը, ձեր ինքնակազմակերպումը և ինքնակարգավորումը թույլ կտան լուծումներ գտնել նաև այդ ոչ հեշտ խնդրի համար:
Մենք պետք է շարունակենք մնալ քաղաքական հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և տարբեր` անգամ իրարամերժ ուժերի երկխոսության և, ինչո՞ւ չէ, համագործակցության ջատագովը: Կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը և պիտակավորումը խոչընդոտում են երկխոսությանը, խափանում դրա հնարավորությունն իսկ: Այդ պատճառով կրկին հորդորում եմ ձեզ մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել անաչառ և համակողմանի: Ներկա Հայաստանի իրականության ամբողջական ու առարկայական պատկերը նաև մեր երկրի ժամանակագրությունն է: Այս առումով ձեր օբյեկտիվությունն ու օպերատիվությունը թանկ են ոչ միայն ներկայի, այլև ապագայի տեսանկյունից»:
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ 2011 թ-ը լինելու է համագործակցության, վերընթաց զարգացման և առաջընթացի տարի:
Աղբյուր` http://www.panorama.am
