NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրամիությանը մտահոգում են Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները
Հայաստանում Եվրամիությանը ամենից շատ մտահոգող խնդիրներից մեկը մարդու իրավունքների պաշտպանությունն է և ժողովրդավարության զարգացումը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Եվրամիության ընդարձակման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
«Մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ մտահոգող ամենակարևոր հարցերից մեկն է, և ես ուրախ եմ, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների շրջանակում ստեղծել ենթահանձնաժողով` մարդու իրավունքների պաշտպանության շուրջ։ Սա կարևոր խնդիր է։ Կարևոր է, որ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ողբերգական հիշողությունները մնան ետևում», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան` ընդգծելով. - «Նկատի ունեմ` ոչ թե մոռացության մատնել դրանք, այլ պահելով հիշողության մեջ` առաջ գնալ, ազատ արձակել նրանց, ովքեր դեռ անազատության մեջ են` մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ»։
Ֆյուլեի խոսքով, ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դաշտը ազատականացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը կարևոր են ոչ միայն Հայաստանի կայուն զարգացման, այլև` Եվրամիությանը մերձենալու, դաշինքից քաղաքական, տնտեսական ու ֆինանսական օգնություն ստանալու համար։
«Կարծում եմ` կարևոր է ընդունել, որ, օրինակ, Արևելյան գործընկերության ծրագիրը, որը մենք առաջարկել ենք ետխորհրդային վեց պետություններին, այդ թվում Հայաստանին, արդարամիտ առաջարկ է և շանս` իրագործել սեփական նպատակները` բարեփոխումների և առաջընթացի ճանապարհով։ Մեզ համար չկան առաջնային կամ երկրորդային կարևորության երկրներ, որոնց մենք պատրաստ ենք ավելին տալ` մյուսների համեմատ, ամեն ինչ որոշվում է բարեփոխումների այն չափով, որ պատրաստ են իրագործել ծրագրի անդամ պետությունները», - ասել է Եվրամիության հանձնակատարը։
Մեկ տարի առաջ մեկնարկած Արևելյան գործընկերության ծրագրով պաշտոնական Բրյուսելը ետխորհրդային վեց պետությունների` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային ու Բելառուսին առաջարկում է էական ֆինանսական աջակցություն, ազատ առևտրի գոտու ստեղծում, վիզային ռեժիմի մեղմացում, փոխարենը` պահանջում է մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ մրցակցային պայմանների ապահովում ու կայուն զարգացում։
«Այդ վեց երկրներից Հայաստանը առանձնանում է նրանով, որ այստեղ բավական վաղ ներդրվեց Եվրամիության փորձագետների խումբը, որը աշխատում է յուրաքանչյուր նախարարությանը կից և խորհուրդներ տալիս քաղաքականության բարելավման շուրջ։ Կարծում եմ` սա խոսում է բարեփոխումները առաջ տանելու` Հայաստանի իշխանությունների կարևոր հանձնառության մասին։ Այդուամենայնիվ, կան շատ մարտահրավերներ», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ու ընդգծել. - «Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք միայն խոսում են, մինչդեռ անհրաժեշտ է, որ մենք նաև նրանց գործը տեսնենք»։
Աղբյուր՝http://www.azatutyun.am
