Ծանր թմրամիջոցներ օգտագործողների թիվն ավելացել է

Իրավապահ մարմինների տվյալներով՝ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և թմրամոլների թիվն ավելացել է մոտ երեք անգամ։

ՀՀ Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թրաֆիքինգի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Նազարեթ Մնացականյանը լուրջ սպառնալիք է համարում այն, որ Հայաստանում ծանր համարվող ափիոն տեսակի թմրանյութ օգտագործողների թիվը գրեթե հավասարվել է կաննաբիս օգտագործողների թվին։

Այս մասին նա ասաց դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նրա ներկայացրած տվյալներով՝ եթե 2003 թվականին թմրամոլների մեծ մասը՝ 477 հոգի, օգտագործել է կաննաբիս, իսկ ափիոն օգտագործողների թիվը եղել է 61, ապա 2009-ին հայտնաբերվել է 590 կաննաբիս և 507 ափիոն օգտագործող։

ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական բժշկական կենտրոնի նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանի խոսքերով՝ Հայաստանում ոչ պաշտոնական տվյալներով կա մոտ 30.000 թմրամոլ, որից 7 հազարը ներերակային ծանր թմրամիջոցներ են օգտագործում։ Նարկոլոգիական կլինիկայում հաշվառված թմրամոլների թիվը հունվարին եղել է 1717, իսկ հոկտեմբերի դրությամբ նրանց թիվը ավելացել է շուրջ 300-ով։

Նարկոլոգիական կլինիկայի ղեկավարն ասում է, որ իրենց մոտ բուժումն արդյունավետ է և կիրառվում են բոլոր նոր մեթոդները։ Նա պնդում է, որ բուժման մեկ կուրսով, որը տևում է 24 օր, լիովին բուժում են թմրամոլի ֆիզիկական և հոգեբանական կախվածությունը։ Սակայն, մյուս կողմից, Սեմերջյանը հակասում է ինքն իրեն՝ ասելով, որ իրենց հիվանդների 100 տոկոսը բուժված դուրս է գալիս կլինիկայից, բայց նրանց 80 տոկոսը հինգ տարվա ընթացքում կրկին վերադառնում է թմրամոլությանը՝ «հաճույք ստանալու ակնկալիքով»։ Ստացվում է, որ հիվանդների մոտ, այնուամենայնիվ, մնում է հոգեբանական կախվածություն, և նարկոլոգներն ու հոգեբաններն ավելի մեծ անելիք ունեն ոչ թե ֆիզիկական, այլ՝ հոգեբանական կախվածությունը բուժելու գործում։

Թմրամոլների թվի աճը, ըստ Պետրոս Սեմերջյանի, պայմանավորված է սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմամբ։ «Տարեցտարի երկրի վիճակը լավանում է, և Հայաստանը նմանվում է մյուս զարգացած երկրներին»,- նշում է նա։ Իսկ Նազարեթ Մնացականյանը դա բացատրում է իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։

Ոստիկանության տվյալներով՝ 2010 թվականի 9 ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության 1152 դեպք՝ նախորդ տարվա 826-ի դիմաց։ Քրեական պատասխանատվության է ենթարկվել 605 մարդ, որից 2-ը եղել են անչափահաս։

Նազարեթ Մնացականյանը ձեռքբերում է համարում այն, որ ավելի շատ են թմրանյութերի իրացման համար ձերբակալվածները, քան ձեռք բերման ու օգտագործման։

Արդեն գործողության մեջ է դրվել Թմրամիջոցների դեմ պայքարի ազգային ծրագիրը և 2010-2012թթ գործողությունների ժամանակացույցը։ Նազարեթ Մնացականյանը ակնկալում է, որ ծրագրի շնորհիվ պայքարը թմրամոլության դեմ կդառնա ավելի համակարգված և արդյունավետ, քանի որ տարբեր գերատեսչություններ կհամատեղեն իրենց ջանքերը այդ արատավոր երևույթի դեմ պայքարի գործում։

 Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am