NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինչու է հակաօրինական ու վտանգավոր օտարալեզու դպրոցների օրինագիծը

Ստորև ներկայացվում է մի փաստաթուղթ, որը "Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների
վերաբացմանը" քաղաքացիական նախաձեռնությունը օրերս ուղղել էր Ազգային Ժողովի
պատգամավորներին:
- հակաօրինական է, քանի որ մասնավոր դպրոցների թվի սահմանափակումը ստեղծում է մենաշնորհ, ինչը հակասում է ՀՀ Սահմանդրության 33.1 հոդվածին:
- հակաօրինական է, քանի որ հակասում է ՄԱԿ-ի կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ. մասը նշում է, որ «էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների' իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կողմից պահվող ուuումնական հաuտատություններից բացի այլ ուuումնական հաuտատություններ ընտրելու ազատության հարգումը»: Ի տարբերության բուհական կրթության, երբ Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահանջում է միայն «բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հավասարապես մատչելի' ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների», այսինքն թույլ է տալիս ընտրություն ըստ ընդունակությունների, ապա դպրոցների դեպքում իրավիճակը այլ է: Կոնվենցիան այս դեպքում պահանջում է «միջնակարգ կրթությունը' իր տարբեր ձևերով, դարձնել բոլորի համար հնարավոր և մատչելի»: Քանի որ տվյալ դպրոցը կարող է ունենալ միայն սահմանափակ քանակությամբ աշակերտներ, ապա օտարալեզու դպրոցների քանակը որևէ թվով սահմանափակելու դեպքում, խախտվում է օտարալեզու դպրոցների, որպես միջնակարգ կրթության ձևերից մեկի՝ բոլորի համար հասանելի լինելու սկզբունքը:
- հիմնված է այն սխալ տեսակետի վրա, թե իբր միջազգային ծրագիրը կարող է իրականացվել միայն օտար լեզվով, այն դեպքում, երբ միջազգային կրթական ծրագրերի ամենից արդյունավետ ու անվտանգ ձևը նրա թարգմանությունն է մայրենի լեզվով, ինչը թույլլ է տալիս այդ առաջատար փորձի անկաշկանդ տարածումը ամբողջ կրթական համակարգով:
- հակասում է կրթական ոլորտի զարգացման ընդունված միջազգային մոտեցումներին, որոնց բնորոշ է որակյալ կրթության ապահովումը բոլորի համար՝ մայրենի լեզվի հիման վրա: Օտարալեզու դպրոցների դեպքում որակյալ կրթությունը, ներառյալ օտար լեզուների լավ իմացությունը, կդառնա նրանց բնորոշ հատկանիշ:
- վտանգավոր է հայերենի ապագայի համար, քանի որ ստեղծում է օտարալեզու վերնախավ ու համընդհանուր «վազք» դեպի օտարալեզու դպրոցներ, դրանով խիստ նվազեցնելով հայերենի վարկանիշը ու դարձնելով այն ստորին խավի լեզու: Նման իրավիճակ արդեն իսկ ստեղծվել է արևմտահայերենի դեպքում, որին Յունեսկոն տվել է վտանգված լեզվի կարգավիճակ, հիմնականում այն պատճառով, որ ծնողները գերադասում են երեխաներին տալ օտարալեզու կրթություն՝ սփյուրքի երկրներում:
- չի լուծում սույն օրինագծի առջև՝ դրա հեղինակի՝ վարչապետի դրված հիմնական ռազմավարական խնդիրը, այն է՝ Հայաստանին բոլոր անհրաժեշտ լեզուներին (այդ թվում՝ թուրքերենին, պարսկերենին, վրացերենին, արաբերենին, չինարենին և այլն) տիրապետողներ ունենալու հարցը, որը կարող է լուծվել պարզապես տվյալ լեզվի առավել խորությամբ դասավանդման միջոցով։ Ըստ պրն Աշոտյանի, հենց այդ միջոցը օգտագործվելու է թուրքերենի դասավանդման դեպքում: Նույն եղանակը պետք է օգտագործվի նաև մնացած բոլոր լեզուների դասավանդումը բարելավելու համար:
- վտանգավոր է ազգային անվտանգության համար, քանի որ խաթարում է հայերենի դիրքերը որպես բանակի միասնական լեզվի:
- կնպաստի արտագաղթի աճին, քանի որ իր ապագայի մասին որոշումների կայացման տարիքում աշակերտը կհայտնվի օտարալեզու մշակույթի ուժգին ազդեցության տակ, ինչը մեծ հավանականությամբ նրան կմղի դեպի արտասահման:
- կթույլացնի երկիրը, բաժանելով հասարակությունը մի քանի լեզվական և մշակութային հատվածների:
- կքայքայի ընդհանուր ինքնությունը, դժվարացնելով քաղաքացիական արժեքների զարգացումը ու դիրքորոշման արտահայտումը:
- կխաթարի հասարակական շարժունությունը բոլոր խավերի համար, կհանգեցնի հնարավորությունների անհավասարությանը և կավելացնի մեկուսացումը:
- կբարդացնի ժողովրդավարական կշռադատումը և կդժվարեցնի քաղացիական քննարկումները:
- կառաջացնի կրկնակի ծախսեր, այսպիսով կնվազեցնի արդյունավետությունը և չի տա հնարավորություն ժամանակն ու ռեսուրսները ուղղել դեպի առաջնահերթ խնդիրների լուծումը:
Առաջարկ
ա. չկատարել որևէ փոփոխություն Լեզվի մասին օրենքում, այսինքն հրաժարվել օրենքի 2-րդ հոդվածի լրացումից,
բ. հանրակրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծում հրաժարվել հոդված 2-ից և հոդված 3-ից, այսինքն պահպանել գրական հայերենը որպես հանրակրթության միակ լեզու և հրաժարվել օտարալեզու միջազգային դպրոցներից:
գ. հանձնարարել Կառավարությանը կատարել անհրաժեշտ աշխատանքներ Միջազգային Բակալավրիատի և այլ անհրաժեշտ որակյալ կրթական ծրագրերի լիակատար տեղայնացման համար:
Աղբյուր' www.lragir.am
