NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ողբ ԱԼՄ-ի

Որ բոլորը խոսում են Ա1 պլյուսի վերաբացման անհրաժտությունից, միանգամայն հասկանալի է: Որ ոչ ոք չի ուզում խոսել ԱԼՄ-ի փակման մասին` առավել քան հասկանալի է: Այդ պարագայում առանձնանում է չորս դիրքորոշում.
1. Իշխանության դիրքորոշումը, որ ժողովրդական լեզվով (մի մոռացեք, ԱԼՄ-ի մասին ենք խոսում) հնչում է հետևյալ կերպ` Շատ խոսացիր, շատ քեզ դրեցիր ազգի պապայի տեղ, դե հիմա տես ում ձեռքին է ուժը:
Իրոք ԱԼՄ-ում կանոնավոր երգող տատիկներն ու պապիկները (ինչպես նաև նրանց թոռնիկները) ի զորու չեն պաշտպանել ԱԼՄ-ն ճակատագրական որոշումներից: Բռնատիրության ամենամեծ թշնամին ոչ թե ատելությունն է, այլ չեզոքությունը, որի ցանկացած նույնիսկ խղճուկ փորձ պատժվում է "էն գլխից":
2. Ընդդիմության դիրքորոշումը ձևակերպվում է մոտավորապես այսպես. Սուտ ընդդիմադիրները քայքայում են դաշտը իշխանության պատվերով, իսկ ԱԼՄ-ն շեղում է ժողովրդի ուշադրությունն անզիջում պայքարից:
ԱԼՄ-ն իրոք ընդդիմադիր ալիք չէ, բայց եթերային չնչին դոզայով այլակարծությունն անգամ պիտանի է` всяк злак на пользу человека.
3. Օլիգարխների դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանում նույնիսկ բարեգործությունը մենաշնորհ է: Ոնց կլինի, որ մեկը հանդգնի համայն հայոց բարեգործի դերին: Տիգրան Կարապետյանը ոչ սփյուռքահայ է, ոչ էլ գոնե արտասահմանցի:
4. Ժուռնալիստները և քաղաքական էքսպերտները խուսափում են խոսել ԱԼՄ-ի մասին ավելի անշուք պատճառով. վախենում են, որ իրենց կմեղադրեն անճաշակության մեջ: Հաշվարկը պարզ է, ԱԼՄ-ն հաստատ չի կարող համարվել գեղագիտական էտալոն (չնայած մյուս հեռուստաընկերություններն էլ մեծամասամբ նույն հակագեղագիտությունն են մատուցում, ուղղակի ավելի թանկ):
Էքսպերտային դաշտը չի ուզում երևալ գավառացի և լռում է, սակայն ԱԼՄ-ի լռությունը համատարած լռության սկիզբ կարող է դառնալ:
Իսկ ես, այնուամենայնիվ, մի քանի հարց կհնչեցնեմ.
Եթե իշխանությունը խնդիր է դրել բարձրացնել մեր ժողովրդի ճաշակը,ինչպե՞ս է հանդուրժում մյուս հեռուստաընկերությունների հաղորդումները
Եթե մեր ամենամեծ թշնամին գավառականությունն է, ինչու է ՀՀ պետական(հարկատուներիս) ալիքը ամեն օր մեզ հրամցնում ինչ-որ թշվառ համերգի ծաղկաքաղ:
Եթե հայկական գավառներից հզոր արտագաղթ է գնում, ինչու ուժեղացնել այն` մարդկանց զրկելով իրենց սիրած ալիքից:
Եթե հեռուստատեսությունն իշխանությանը այդպիսի վտանգ է սպառնում, պե՞տք չէ արդյոք փորձել ուժեղացնել պետությունը:
Ամենաուժեղ պետությունն արդար և ազատ պետությունն է: Դրա բացակայության դեպքում այսօր խնդիր է Ա1 պլյուսը, վաղը ԱԼՄ-ն, իսկ մյուս օրը կարգելեն "Սպարտակ" ֆիլմը, իբրև ապստամբության քարոզչություն:
Իսկ ինչ վերաբերվում է եթերային երգ ու պարին... Դա էլ է մենաշնորհ, բա մեր աստղերն անգո՞րծ մնան...
Աղբյուր՝http://lragir.am
