Սպանության փորձի հեղինակը ձերբակալվել է

Դեկտեմբերի 17-ին, ժամը 10.50-ին, 1951 թ. ծնված Սիրազնիկ Հ.-ից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում Օրգով գյուղի իրենց տան բակում կայանված իր ծառայողական օգտագործման «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ծածկոցի վրա պայթուցիկ սարք հիշեցնող առարկա է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության, ԱԱԾ և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները պարզել են, որ հիշյալ առարկան պայթուցիկ սարք է, որը տեղում վնասազերծվել և ուղարկվել է պայթունատեխնիկական փորձաքննության:
Ոստիկանության ԿՀԴՊ, քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 18-ին, ժամը 22.30-ին, բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Սևակ Հ.-ն, որը խոստովանել է, որ Սիրազնիկ Հ.-ի ծառայողական ավտոմեքենայի վրա իր կողմից պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրել է ինքը` Սիրազնիկ Հ.-ի կյանքին վերջ տալու նպատակով:
Սևակ Հ.-ն ձերբակալված է:

Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը