NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԿԳ փոխնախարարն այցելեց Վարդաքար. գյուղը նոր դպրոց կունենա
Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը կատարեց իր խոստումը. նա այցելեց Շիրակի մարզի Վարդաքար գյուղ՝ հասկանալու գյուղի դպրոցի հետ կապված խնդիրը: Այս մասին hra.am-ին հայտնեց Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Վարդաքար գյուղի միակ դպրոցը քանդել էին, և, բնակիչների խոսքերով, փոխարենը նոր դպրոց չէին պատրաստվում կառուցել՝ ուղղորդելով հաճախել կողքի Նոր կյանք գյուղի նորակառույց դպրոց: Վարդաքարցիները բողոքի ցույց էին կազմակերպել ոչ միայն իրենց գյուղում, այլև ՀՀ նախագահի նստավայրի առջև: Վարդաքարի գյուղապետը հանդիպել էր Կրթության և գիտության փոխնախարարի հետ, որն էլ խոստացել էր այցելել գյուղ՝ տեղում ուսումնասիրելու խնդիրը:
«Փոխնախարարն ասաց, որ Վարդաքարում դպրոց կառուցելու են, ծրագրից դպրոցը հանված չէ: Ծրագրով տրված է, որ նոր դպրոցը պետք է հնի տեղը կառուցվի, հինը ապամոնտաժել են, որ նորը կառուցեն: Կոնկրետ բան չասացին, թե երբ են պատրաստվում նոր դպրոց կառուցել: Ասացին պետբյուջե առաջին եռամսյակի մուտքերից է կախված: Բայց, թե սա հերթական սուտն է, թե ոչ, չեմ կարող ասել»,- ասաց գյուղապետ Գալուստ Ավետիսյանը:
Աննա Բարսեղյան
Աղբյուրը՝ www.hra.am
