Գայանե Մխիթարյան. «Միակ մեղավորությունը Գյումրու դատախազությանն է, Գյումրու քննչական մարմիններինը»

2010թ. դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանի քրեական պալատում բողոքարկվում էր Օդնոկլասնիկի գործով անցնող 18-ամյա Սերգեյ Մխիթարյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու որոշումը: Նիստը դռնփակ էր, այդ պատճառով 18-ամյա մեղադրյալի մայրը համաքաղաքացիների հետ սպասում էր դրսում: Գյումրիից ժամանած մարդկանց խումբը եկել էր աջակցելու Սերգեյ Մխիթարյանի մորը՝ Գայանե Մխիթարյանին՝ իր բողոքն արտահայտելով կալանք կիրառելու դեմ:
«Իմ երեխան դեպքի վայրում չի եղել, իմ երեխան տեղյակ չի եղել: Կա 7 ականատես. իմ երեխային տեսնող կա կանգառում: Աղջիկը, ով ցուցմունք է տվել, դատարանում պատմեց, թե քննիչը, քննչականի պետ Վարուժ Թովմասյանը ինչ ձևով սպառնալով իրենից ցուցմունք են կորզել: Իրենք բոլորին [մեղադրյալներին] համախմբեցին, կազմեցին խումբ, կազմեցին [գործ] 112 հոդվածի 6-րդ 14 կետերով: Ես հանդիպել եմ մեր դատարանի նախագահին, բացատրել եմ՝ դուք դատը վարեցիք, դուք տեսաք, որ այնտեղ 4 հոգի չի եղել, խնդրում եմ մի բան արեք, 112 հոդված է դրած անչափահաս երեխայիս վրա, ասեց՝ տիկի՛ն, ես ոչ մի բան չեմ կարող անել, վերևից է այս, միակ ցանկությունս էն է, որ գիտեմ ձեր տղան արդար է, 5 տարի վճիռ կարող եմ կայացնել»,- արտասվելով ասում է Գայանե Մխիթարյանը:
Սերգեյ Մխիթարյանի մոր խոսքերով՝ «միակ մեղավորությունը Գյումրու դատախազությանն է, Գյումրու քննչական մարմիններինը»:
«Իրենք սխալ են թույլ տվել, իրենց սխալի համար իմ որդին պետք է պատասխան տա: Իրենք հենց սկզբից ներգրավել են 4 հոգի, հաշվի են առել տուժողի խոսքերը, բայց երբ 7 ականատես-վկաները 2-3 դատավարության եկան, պատմեցին, որ 4 չեն տեսել, 2 հոգի են տեսել դեպքի վայրում, իրենք չուզեցին ուղղել, իրենք չուղղեցին: Երբ եկա Երևան, հանդիպեցի ահագին փաստաբանների հետ, իրենց պատասխանն էս եղավ՝ տիկի՛ն Գայանե, Ձեր երեխային, անչափահաս Ձեր որդուն մեղադրել են անհիմն, եթե իրենք Ձեր որդուն արդարացնեն, ուրեմն Գյումրու գլխավոր դատախազը, քննչականի պետը և Դարբինյան քննիչը պիտի գործից հեռանան»,- ասում է Գայանե Մխիթարյանը:
Սերգեյ Մխիթարյանի մայրը ասում է, որ «իրեն վերջում կդրդեն կա՛մ ինքնասպանության, կա՛մ սահմանն անցնելուն»:
Գյումրուց ժամանած համաքաղաքացիները բողոքի ցույց են անելու նաև Դատախազության շենքի առջև:

Աննա Բարսեղյան
Աղբյուրը՝ www.hra.am