Բժիշկ. Վերջին տարիներին աուտիզմով տառապող երեխաների թիվը Հայաստանում կտրուկ աճել է

Վերջին տարիներին աուտիզմով տառապող երեխաների թիվը Հայաստանում կտրուկ աճել է. միայն մանկական հոգեբուժական դիսպանսերում և «ԱրԲԵՍ» առողջության կենտրոնում (որը ևս զբաղվում է աուտիկ երեխաների խնդիրներով) վերջին 4 տարիներն գրանցվել է հիվանդության 336 նոր դեպք, որից 105-ը՝ միայն 2010 թվականի անցած 11 ամիսների ընթացքում։NEWS.am-իթղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մանկական հոգեբուժական դիսպանսերի վարիչ Կարինե Լուլեջյանը։
Նրա խոսքով, 336 նոր դեպքերը սահմանը չեն, քանի որ ամեն օր հոգեբույժներն այս հիվանդությունն ախտորոշում են ավելի ու ավելի մեծ թվով երեխաների մոտ։ «Դրանից հետո աուտիզմով տառապող երեխաներին թոշակավորում են։ Այդ երեխաներն ամսական մոտ 14 հազար դրամ հիվանդության թոշակ են ստանում։ Պետական հոգածության շրջանակներում աուտիզմը բուժվում է պետպատվերի շրջանակներում։ Որոշ ծնողներ, սակայն, չսպասելով պետպատվերի իրենց հերթին (հերթերն իսկապես շատ մեծ են) գերադասում են վճարովի բուժման տարբերակը։ Դա նշանակում է, որ նրանք ամեն պարապունքի համար պարտավորվում են վճարել պետության կողմից սահմանված 4 հազար դրամի չափով գումար։ Բուժումը ներառում է հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի ծառայություններ։ Դեղորայքային բուժում աուտիզմի դեպքում գրեթե չի կիրառվում։ Իհարկե, հիվանդության առաջնային շրջանում դեղեր նշանակվում են, սակայն տևական ժամանակ է, ինչ հոգեբուժական դիսպանսերը համապատասխան դեղորայք չի ստանում։ Ամեն տարի Առողջապահության նախարարությանը աուտիկներին տրամադրվելիք դեղորայքի պահանջագիր ենք ներկայացնում,սակայն՝ ապարդյուն»,- ասաց բժիշկը։
Կարինե Լուլեջյանը նաև տեղեկացրեց, որ աուտիզմով առավել հաճախ տառապոմ են տղա երեխաները։ «Տղաների մոտ բնածին այս հիվանդության դեպքերը 4-5 անգամով շատ են պատահում։ Աուտիզմի համար պատասխանատու գեներն առավել շատ են հենց նրանց մոտ։ Հիվանդությունը սովորաբար տեսանելի է դառնում 1,5 տարեկան հասակում՝ շրջապատի հետ հաղորդակցվելու ցանկության և խոսքի բացակայություն և մի շարք այլ ախտանիշեր»,- նշեց հոգեբույժը։
Ամփոփելով՝ Լուլեջյանն ասաց, որ եթե ընտանիքում աուտիզմով տառապող երեխա է ծնվել, ապա հավանականությունը, որ երկրորդը ևս կծնվի այդ ախտանիշով, կազմում է 5 տոկոս։ «Մնացած 95 տոկոսով հիվանդությունը կարող է չկրկնվել»,- հավաստիացրեց նա։
Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր 10 հազար նորածնից աուտիզմով ծնվում է 15-20-ը ։
Կարծիք կա, որ աուտիկներ են եղել Մոցարտը, Ագաթա Քրիստին, Ալբերտ Էյնշտեյնը։ Հատկանշական է նաև, որ աուտիզմով տառապող երեխաների մեծ մասը բացառիկ ունակություններ է ցուցաբերում ծրագրավորման ոլորտում. միայն «Մայքրոսոֆթ» ընկերությունում աուտիկները կազմում են բոլոր աշխատակիցների 5-20 տոկոսը։
Համեմատելու համար ավելացնենք նաև, որ ԱՄՆ-ում պետությունը
յուրաքանչյուր աուտիկ երեխայի խնամքի համար տարեկան հատկացնում է շուրջ 30 հազար դոլար։

Աղբյուր՝ http://news.am