NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հակաժողովրդական նախագիծը» չընդունվեց

Այսօր խորհրդարանը շարունակեց քննարկել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Այս փոփոխությամբ սահմանվում է աղբահանության համար վճար մինչև 500 դրամ: Ճշգրիտ չափը կորոշի համայնքի ղեկավարը: Օրինագիծը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:
Կառավարության առաջարկած տարբերակում սահմանվում էր 1000 դրամ յուրաքանչյուր անձի համար, սակայն պատգամավորներին հաջողվել է առաջինից երկրորդ ընթերցում կիսով չափ նվազեցնել վարձավճարի չափը: Եվ այնուամենայնիվ, ընդդիմադիր պատգամավորներն և անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր դեմ արտահայտվեցին օրինագծին:
«Այսօր ՀՀ թիվ մեկ խնդիրը ոչ թե աղբահանությունն է, այլ աղբի միջից սննդամթերք հայթայթող մարդկանց գոյությունը, աղքատությունը»,-հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը: Նա կոալիցիոն պատգամավորներին և կառավարության ներկայացուցչին հիշեցրեց, որ այսօր Հայաստանում 1 մլն աղքատ մարդ կա: Այլ տեսանկյունից Դալլաքյանը կարևորեց աղբահանության խնդիրը` քաղաքական դաշտից, բիզնեսից, այլ ոլորտներից:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ հայտարարեց, որ այս օրինագիծը հակաժողովրդական է, հակապետական է և անգամ հակաիշխանական, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, հիշեցնելով մարտի 1-2-ի դեպքերի պատճառների կոալիցիոն հիմնավորումները, նկատեց. «Հիմա նորից եք ուզում սոցիալական բունտ բարձրացնել և տարբեր խնդիրներով մարդկանց ստիպեք հավաքվել մի հրապարակում: Մի ստիպեք, որ մարդիկ հեռանան երկրից, հետո էլ «արի տուն, արի բարաք» ծրագրեր իրականացնեք»:
«Սա կազմակերպված կողոպուտ է, արդյոք որևէ մեկը մտածել է, թե միայն աղբահանությունը ինչ գումար է նստում 7 հոգանոց ընտանիքի համար, որքան է նստում , խղճացեք ուղղակի ՀՀ քաղաքացիներին: Դուք ական եք դնում հենց իշխանության տակ նմանատիպ օրինագծերով հասունացնելով սոցիալական բունտ»,- հայտարարեց Ստեփան Սաֆարյանը:
Սաֆարյանի ելույթից հետո` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կոռեկտության կոչ անելով, խոսեց բավականին անհասկանալի շեշտադրումներով. «Մարդ կարող է հիվանդ լինել, բայց տա աստված, որ կատարյալ հիվանդ չլինեն»,-ասաց Սահակյանն ու սկսեց քննադատել «Ժառանգության» գործընկերներին: Վերջում հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու:
Ավելի ուշ խորհրդարանական մեծամասնությունը բավականին անհարմար իրավիճակում հայտնվեց:
Թեև Գալուստ Սահակյանը կոչ արեց կողմ քվեարկել «Աղբահանության և սանիտարական վիճակի մասին» իրենքի նախագծին, սակայն քվեարկության ժամանակ, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» չքվեարկեցին, ինչի արդյունքում 57 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քվեարկությունը չկայացավ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անկեղծորեն զարմացավ և որոշեց նորից քվեարկել օրինագիծը, չնայած ՀՅԴ-ի և «Ժառանգության» պարզաբանումներին, որ իրենք ուղղակի քաղաքական դիրքորոշում են դրսևորել և բոյկոտել են քվեարկությունը: Այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցության մոտ տեխնիկական խնդիր է եղել և օրինագիծը նորից դրեց քվեարկության` կոչ անելով բոլոր պատգամավորներին`մասնակցել քվեարկությանը: Բայցևայնպես, օրինագիծը ստացավ 60 կողմ, ձայն, և քվեարկությունը համարվեց չկայացած: Օրինագիծը ներկայացնող կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը տխուր լքեց ԱԺ-ի դահլիճը:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
