NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանի Ոստիկանության մասին հաղորդումների շարք կներկայացվի հանրությանը 2011թ.

Հայաստանի Ոստիկանությունը մտադիր է հաջորդ տարի կառույցի գործունեության մասին մի քանի հեռուստահաղորդում ներկայացնել հանրության դատին: Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, այսօրվա դրությամբ աշխատանքներն ընթանում են երեք ուղղությամբ:
Նրա խոսքերով՝ հաջորդ տարվանից ամեն օր հայկական հեռուստաալիքներից մեկով լուրերից հետո կհեռարձակվի Հայաստանում հանցավորության իրավիճակի մասին պատմող հաղորդաշար:
«Բնակչությանը կտեղեկացվի, թե ինչ տեսակի հանցագործություններ են կատարվել հանրապետությունում, ինչ բնույթի, նրանցից քանիսն է բացահայտվել», - ասաց նա:
Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ նկարահանվում է հեռուստաֆիլմ, որը հիմնված է ոստիկանների կյանքի իրական դեպքերի վրա:
ՀՀ ոստիկանապետի խոսքերով՝ հայկական հեռուստատեսությամբ կհեռարձակվի նաև քրեական քրոնիկա, որի շրջանակներում կցուցադրվեն ավելի վաղ բացահայտված հանցագործությունների իրական կադրեր:
Սարգսյանը պարզաբանեց, որ հաղորդաշարում կներկայացվի նաև տեղեկատվություն այն մասին, թե քանի տարով է դատապարտվել հանցագործը, ինչպիսի վճիռ է կայացրել դատարանը, պատժվել է, արդյոք, հանցագործը, և երբ են նրան ազատ արձակել:
Միաժամանակ նա նշեց, որ հասարակությանը կներկայացվեն բոլոր «գաղտնի ոստիկանական պատմությունները»:
«Թող մարդիկ իմանան, որ մենք թաքցնելու բան չունենք», - ասաց ՀՀ ոստիկանապետը:
Աղբյուր՝ http://newsarmenia.am
