NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ճամբարակի մանկապարտեզները ջեռուցվում են «Հերոսների պուրակի» ծառերի հաշվին. արդեն հատվել է 30 ծառ

Սահմանամերձ Ճամբարակ քաղաքի քաղաքապետարանի առջև գտնվող Հերոսների պուրակից հատվել է ավելի քան 30 ծառ: Գեղարքունիքի մարզի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող այս քաղաքում արդեն երկրորդ տարին է, որ հատվում են պուրակի ծառերը: Ճամբարակ կատարած լրագրողական այցելության ընթացքում քաղաքապետ Յուրա Ավալյանն ասաց, որ հատումն իրականացվում է սանիտարական նպատակներով:
«Սանիտարական էտումներ են կատարվում: Անցած տարի մենք սկսեցինք հատել մի հատվածը, քանի որ այգում ծառերը չորանում էին: Մասնագիտական ուսումնասիրություն կատարեցինք և եկանք այն եզրակացության, որ ծառերը պաշտպանելու համար պետք է ծառերի էտում կատարել»,-ասաց քաղաքապետը:
Նա նշեց, որ հատված ծառերից ստացված փայտը տրամադրվում է քաղաքի մանկապարտեզներին և սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մենք ականատես եղանք, թե ինչպես քաղաքապետարանի առջև գտնվող 82-ամյա Արևհատ Վարդանյանը, ով Արծվաշենից ներգաղթյալ է, ապրում է իր 25 հազար դրամ թոշակով և չունի ոչ մի հարազատ, եկել էր փայտ խնդրելու: Փայտ կտրող բանվորները, սակայն, ասացին, որ 82-ամյա տատիկը երեկ է փայտ տարել իրենցից:
«8 հատ ուճախ (ճյուղեր) եմ տարել: Որ կտրում են, ի՞նձ համար են կտրում, ով տղամարդա կարողանումա տանումա», ի պատասան ասաց Արևհատ Վարդանյանն ու հավելեց. «Կարում չեմ երկու կիլո հաց առնեմ, որ ուտեմ ու չգիտեմ, թե ոնց եմ տունը տաքացնելու»:
Քաղաքապետ Յուրա Ավալյանի խոսքով, հատված ծառերից անցած տարի օգնություն է ստացել 100 սոցիալապես անապահով ընտանիք: Իսկ ընդհանուր հաշվով նախատեսվում է հատել 90 ծառ, որից ստացված 55 խմ փայտը պետք է երկու տարի տաքացնի քաղաքի երկու մանկապարտեզները:
Քաղաքապետը նաև նշեց, որ հիմնականում հատվել են հացենիներ, որոնք չորանում էին: Ի դեպ այդ ծառատեսակը գրանցված է կարմիր գրքում:
«Անցած տարի, մինչև էտում կատարելը այգում մոտավորապես 20 ծառ չորացել էր: Եթե մենք հիմնովի կտրեինք ծառերը, որպեսզի չաճեին, մենք կհամարեինք, որ վնաս ենք հասցնում, սակայն քանի որ այստեղ խնդիրը ծառերի պաշտպանությունն էր, միակ տարբերակը սանիտարական էտում կատարելն էր»,-ասաց քաղաքապետը' նշելով, որ անցած տարի կտրված ծառերն արդեն ճյուղեր են տվել:
Իսկ հատման վերաբերալ պայմանավորվածությունը, ըստ Ավալյանի, բանավոր է եղել՝ Գեղարքունիքի մարզի բնապահպանության պետական տեսչության հետ:
Նշենք, որ Ճամբարակ քաղաքը գազաֆիկացված է 85 տոկոսով, սակայն գազի բարձր գնի պատճաով մի շարք քաղաքացիներ չեն կարողանում բնակարանները ջեռուցել և հիմնականում օգտագործում են աթար, երբեմն նաև փայտ:
Ճամբարակը (մինչև 1992-ը՝ Կրասնոսելսկ) Գեղարքունիքի մարզի 5 քաղաքներից մեկն է, գտնվում է մարզի հյուսիս-արևելյան մասում, ՀՀ արևելյան սահմանից 1 կմ հեռավորության վրա:
Բնակչությունը հասնում է 7300-ի: Մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:
Աղբյուր' www.news.am
P.S. «Մարդու իրավունքները Հայաստանում» կայքէջի խմբագրության ուշադրությունն հատկապես երկու փաստ գրավեց, նախ որ հատման վերաբերյալ պայմանավորվածությունը, ըստ պրն. Ավալյանի, բանավոր է եղել՝ Գեղարքունիքի մարզի բնապահպանության պետական տեսչության հետ: Սա պարզապես անընդունելի է, քանի որ այժմ, երբ կարիք լինի բողոք ներկայացնել Գեղարքունիքի մարզի բնապահպանության պետական տեսչություն, ինչը կարող է շատ խնդիրներ առաջացնել նրանց համար, նրանք կարող են պարզապես հերքել նման պայմանավորվածության փաստը: Եվ երկրորդ, որպեսզի ապահովեն քաղաքի երկու մանկապարտեզների ջեռուցումը, որոշել են հատել 55 խմ փայտ (90 ծառ), ինչը թերևս չի կարող կոչվել սանիտարական էտում, քանի որ իրականում սանիտարական էտումների ժամանակ հատված ծառերի ճյուղերը չեն կարող բավականացնել 2 մանկապարտեզ ջեռուցելու համար այն էլ 2տարի ժամկետով, մինչդեռ ծառի կեսը կտրելը թերևս չի կարող համարվել սանիտարական էտում:
«Մարդու իրավունքները Հայաստանում» կայքէջի խմբագրություն
