NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բողոք օդնօկլասնիկի գործով
Նոյեմբերի 28-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց կալանք է կիրառել Օդնոկլասնիկի գործով անցնող18-ամյա Սերգեյ Մխիթարյանի նկատմամբ: Նրան նոյեմբերի 26-ին Երևան քաղաքից Գյումրիի ոստիկանության բաժանմունք բերման էին ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանության մի խումբ աշխատակիցներ, ովքեր առանց ներկայանալու և բացատրություն տալու ձեռնաշղթաներ էին հագցրել երիտասարդին և կոպտորեն, հարվածներ հասցնելով մտցրել ոստիկանական մեքենան:
Դատարանը վերահաստատել էր "Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին' որոշումը, ինչի դեմ այժմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրյալի պաշտպան Խանում Մկրտչյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրվել էր դեռևս 13.05.2009թ., իսկ հայտնաբերելուց հետո չեն վերացվել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը:
Փաստաբանի համոզմամբ դատարանը կայացրել է անհիմն ու ենթադրյալ մի որոշում, որով իր պաշտպանյալին զրկել է ազատությունից և վերաքննիչ դատարանից պահանջել է բեկանել այդ որոշումը:
Նախաքննական մարմինը Սերգեյ Մխիթարյանին մեղադրում է անցած տարի ապրիլի 13-ին Գյումրի քաղքում տեղի ունեցած աղմկահարույց Օդնոկլասնիկի գործին մասնակցություն ունենալու համար: Ըստ նախաքննական մարմնի Սերգեյ Մխիթարյանը "հանցավոր համաձայնության" գալով իր 3 ընկերների հետ` "ձեռքերով, ոտքերով հարվածել են Տիգրան Թադևոսյանի մարմնի տարբեր մասերին` գլխին, վերջինիս պատճառել ծանր վնասվածքներ և դեպքի վայրից դիմել փախուստի: Տիգրան Թադևոսյանը ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով 26.04.2009թ. Երևան քաղաքի Միքայելյանի հիվանդանոցում մահացել է":
Հարուցվել էր քրեական գործ "ծանր մարմնական վնասվածք պատճառելու հետևանքով անզգուշությամբ առաջացած մահվան" փաստի առթիվ, և որպես մեղադրյալներ էին ներգրավվել ծեծկռտուքին մասնակից չորս տղաներ, այդ թվում նաև անչափահաս Սերգեյ Մխիթարյանը:
Գործով անցնող 4 մեղադրյալներից երկուսը` Վալերի Աբրահամյանն ու Սամվել Սարգսյանն արդեն իսկ դատապարտվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, իսկ Սերգեյ Մխիթարյանի և Էդգար Նազարյանի մասով քրեական գործի վարույթը կասեցվել էր:
Պաշտպանական կողմը առարկել է խափանման միջոցը վերահաստատելու միջնորդության դեմ`պնդելով, որ նախաքննական մարմինը հիմնավոր փաստեր չի ներկայացրել կատարված հանցագործությանը Սերգեյ Մխիթարյանի առնչության վերաբերյալ: Փաստաբանը արժանահավատ չի գնահատել տուժողի իրավահաջորդի և տուժողի մյուս հարազատների ցուցմունքները, որոնք հերքվում են գործով ականատես վկաների, այդ թվում նաև գործով հարցաքննված անչափահաս վկաների ցուցմունքներով, որոնք բոլորն էլ բացառում են Սերգեյ Մխիթարյանի առնչությունը տեղի ունեցած միջադեպին:
"Արժանահավատ են ականատես վկաների ցուցմունքները, որոնք միանշանակ բացառում են Սերգեյի ներկայությունն ու մասնակցությունը միջադեպին",- ասում է փաստաբանը
Կալանավորելու մյուս հիմքը, ըստ քննիչի, Սերգեյ Մխիթարյանի հետախուզման մեջ գտնվելու և քննությունից խուսափելու հանգամանքն է, ինչն ըստ փաստաբանի նույնպես հիմնավոր չէ: Փաստաբանը պնդում է, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալը պատշաճ ծանուցում չի ստացել, իսկ բերման ենթարկելու նպատակով ոստիկանության աշխատակիցները չեն այցելել Սերգեյ Մխիթարյանի բնակության վայր, որտեղ և նա հաշվառված է:
Փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը տեղյակ չի եղել մեղադրանքից և չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից , այլ բնակվել է քրոջ տանը` Երևանում և ազատ տեղաշարժվել: Որպես հիմնավորում փաստաբանը դատարանին ներկայացրել է մի շարք անձանց հայտարարություններն այդ մասին, սակայն դատարանն անտեսել է դրանք: Ըստ փաստաբանի խախտվել է օրենքով նախատեսված անձի անձեռնխելիության իրավունքը:
"Դատարանը քննության առնելով վերը նշված միջնորդությունը չի կատարել փաստերի ստուգում և չի իրականացրել օբյեկտիվ վերլուծություն, դրանք չի գնահատել համակցությամբ, լսելով պաշտպանական կողմի առարկությունները, դրանք ճիշտ չի վերարտադրել որոշման մեջ, խեղաթյուրել է ամբողջությամբ":
Բացի այդ, դատարանը որոշում կայացնելիս չի անդրադարձել այն կարևւոր հանգամանքին, որ Մխիթարյանը պատշաճ չի ծանուցվել: Փաստաբանի կարծիքով, նախաքննական մարմինը դատարանին թյուրիմացության մեջ գցելու միջոցով տպավորություն է ստեղծել, որ Ս.Մխիթարյանը վարույթն իրականացնող մարմնից "խուսափել է":
Գործում չկան ծանուցագրեր հանձնելու վերաբերյալ հաստատող ապացույցներ` ստորագրություն այն ստանալու վերաբերյալ, ոստիկանները չեն այցելել Մխիթարյանի բնակության վայր:
"Այս տղան ապրել է Երևանում, ազատ դուրս ու ներս է արել, նա թաքնվողի տպավորություն չի թողել, հաճախել է լողավազան և այլ ժամանցային վայրեր և այլն, իսկ եթե մարդը հետախուզման մեջ գտնվեր` նա միանշանակ պետք է թաքնվեր", համոզմունք է հայտնում փաստաբանը:
Փաստաբանը համոզված է, որ քննիչ Արա Դարբինյանը չի ուզում արդեն իսկ թույլ տված սխալից հետ կանգնել և գործին նման ընթացք տալը ավելի շուտ քննիչի քմահաճույքն է. "սխալն ուզում է մինչև վերջ տանել և անմեղ մարդկանց ներքաշել այս պատմության մեջ":
Աղբյուր՝ http://lragir.am
