NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կազմակերպվեց համաժողով` «Մարդու իրավունքները` որպես համամարդկային և բարոյական արժեք» թեմայով
«Ընդդեմ գենդերային բռնության Հայաստանում» և «Կանանց շարժումը հազարամյակների խաչմերուկում. նոր մարտահրավերներ և ռազմավարություն» ծրագրերի շրջանակներում այսօր Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «Մարդու իրավունքները' որպես համամարդկային և բարոյական արժեք» համաժողովը, որի շրջանակներում քննարկվեցին կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, բարձր օղակներում կանանց դերի ու նշանակության, նրանց հադեպ բռնությունների դեմ պայքարի մեխանիզմների վերաբերյալ մի շարք հարցեր:
ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի խոսքով' երկրի զարգացումը մեծապես կապվում է կնոջը խոհանոցից ազատելու հետ: «Այս առումով հպարտանալու շատ բան չունենք' հաշվի առնելով Ազգային ժողովի' օրնսդիր մարմնի աշխատանքներին հայ կանանց մասնակցությունը»,- նշեց նա' ուրախությամբ հիշեցնելով ՀՀ նախագահի' դեկտեմբերի 8-ի հրամանագրով Արեւիկ Պետրոսյանին ՀՀ սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ջեմմա Հասրաթյանը հույս հայտնեց, որ հայ կանանց դերը հանրապետության պետական կառավարման մարմիններում հետզհետե կմեծանա, ակտիվությունը ավելի նկատելի կդառնա: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքի խոսքով' պետությունների զարգացմանը նպաստող աշխարհում գրեթե չկա ավելի կարեւոր բան, որքան հավասարությունը կանանց և տղամարդկանց միջև, որի ուղղությամբ խոշոր ու լուրջ միջոցառումներ ամբողջ աշխարհն է ձեռնարկում:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հիշեց ու կարևորեց ՄԱԿ-ի 1954 թ-ի' կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիան, Նյու Յորքի 2000 թ-ի «Կանայք 2000 թվականին. տղամարդկանց և կանանց հավասարություն, զարգացում և խաղաղություն 21-րդ դարում» քաղաքական հռչակագիրը, 2003 թ-ի «Ժողովրդավարացում, հակամարտությունների կանխարգելում և խաղաղություն. հեռանկարներ և կանանց դերակատարություն» հռչակագիրն ու գործողությունների ծրագիրը: «Կանայք և աղջիկները բռնությունների են ենթարկվում աշխարհի բոլոր երկրներում ամեն օր և ամեն վայրկյան:
Նմանատիպ նախագծերը ռեալ պայքար են' այդ երեւույթների կանխարգելմանն ուղղված»,-ասաց Զ. Հյուքը: Համաժողովի մասնակիցները խոսեցին մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերի, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարարվորությունների գաղափարի արմատավորման գործում ԶԼՄ-ների դերի մասին, ինչպես նաև քննարկեցին մարդու իրավունքների պաշտպանության համակարգը' որպես մշակութային հիմնախնդիր:
Հավաքվածները գենդերային հավասարության հասնելու մեխանիզմներից բարձր գնահատեցին մասնավորապես քվոտաները, ինչպես նաև քննարկեցին հիմնախնդրի սրությունը մարզերում: «Մենք այս բոլոր հարցերի շուրջ շարունակական աշխատանքներ ենք տարել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ' բոլոր մարզերում, գյուղերում. դրանք եղել են քննարկումների, հանդիպումների, սեմինարների և ներկայացումների տեսքով»,-նշեց Ջ. Հասրաթյանը' ընդգծելով ստացված զգալի դրական արդյունքները, հասարակության մեջ կանանց իրավունքների վերաբերյալ բարձր գիտակցության ձեւավորման հնարավորությունները:
Աղբյուր' www.armenpress.am
