Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է

Դեկտեմբերի 1-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամլո ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հարավկովկասյան տարածաշրջանի ղեկավար Մանուելա Գրոզդանովան, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանը, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը և մի շարք հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Մամլո ասուլիսը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ով ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում, նշելով, որ 2009թ. դրությամբ աշխարհում կա 33.3 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ, որոնց գերակշիռ մասը` 22.5 մլն-ը բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1.4 մլն-ի, ինչը երեք անգամ ավելի է 2000թ.-ի համեմատ:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, խոսելով ՁԻԱՀ-ին հակազդման գործում ազգային ժողովի դերի մասին, նշեց, որ 2009թ. մարտին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Կատարված փոփոխություններն ու լրացումներն ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության ու ամրապնդմանը: Նա նշեց, որ դրանց շնորհիվ օրենքը համապատասխանեցվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային սկզբունքներին: Կրճատվել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարտադիր հետազոտման ենթակա խմբերը, ուժը կորցրած է ճանաչվել երեք ամսից ավելի ժամկետով ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց կողմից պարտադիր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման հավաստագիր ներկայացնելու մասին հոդվածը, վերացվել է ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելուց հետո նրանց ՀՀ-ից վարչական վտարման ենթարկելու մասին դրույթը: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հարավկովկասյան տարածաշրջանի ղեկավար Մանուելա Գրոզդանովան խոսեց ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի աջակցության գործում ՄԱԿ-ի գործակալությունների դերի մասին: Նա նշեց, որ 2009թ. ընթացքում մոտ 2.6 մլն մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, որոնցից 130.000` մեր տարածաշրջանում, ինչը ավելի քան 4 անգամ գերազանցում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում և մոտ 2 անգամ` Հյուսիսային Ամերիկայում նոր դեպքերի թվին: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա 1988թ.-ից մինչև 2010թ. Դեկտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 956 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 149-ը` 2009թ.-ի ընթացքում:
ՄԻԱՎ վարակի գրանցված բոլոր դեպքերի կեսից ավելին արձանագրվել է վերջին 4 տարիների ընթացքում:
ԻՆչպես նշեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 688 մարդ (72%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 268 դեպք (28%): ՄԻԱՎ վարակի դեպքի 20 դեպք (2%) արձանագրվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 58.4% 25-39 տարիքային խմբում է:
ՀՀ-ում, ինչպես նշեց պրն. Գրիգորյանը, ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (51.4%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (39.5%): Սրանցից բացի` արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանում` 402 դեպք, (42.1%), երկրորդ տեղում է Շիրակի մարզը` 11.3%:
Իսկ ՄԻԱՎ վարակով հիվանդներից 460-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 84-ի մոտ` 2009թ-ի ընթացքում:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 1900:
Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայությունների համար պետական ծախսերին, ապա տարեկան տրամադրվում է 112 մլն. 938 հազար դրամ, սակայն միջազգային կազմակերպությունները, ինչպես օրինակ Global հիմնադրամը, ևս կատարում են ներդրումներ Հայաստանում և բոլոր այն երկրներում, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը ցածր է միջազգային ստանդարտներից, և որոնք ինքնուրույն չեն կարող հաղթահարել նման խնդիրները:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր՝ www.hra.am