NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սպառողների իրավունք. Այս տարվա հոկտեմբերի դրությամբ Երևանում օրական 20-24 ժամյա ջրմատակարարում ունի բաժանորդների 75 տոկոսը
Այս տարվա հոկտեմբերի դրությամբ Երևանում օրական 20-24 ժամյա ջրմատակարարում ունի բաժանորդների 75 տոկոսը։ Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց «Երևան Ջուր» ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը, 2006թ.-ի հուլիսի 1-ից ստանձնելով մայրաքաղաքի ջրմատակարարման աշխատանքները՝ ֆրանսիական «Veolia» ընկերությունը պարտավորվել է պայմանագրային տասներորդ տարում ջրամատակարարման 95 տոկոս շարունակականություն ապահովել։
Ըստ նրա, պայմանագրի չորրորդ տարում ջրամատակարարման շարունակականությունը կազմել է 86 տոկոս, սակայն պայմանագրով նախատեսվում էր` 79 տոկոս։ Գ.Մարգարյանի խոսքերով, ջրակորուստները կազմում են 83,7 տոկոս: «Ունենք 2120 կմ ջրագծի ցանց, և կապիտալ շինարարության և գոտիավորման աշխատանքներում այնպիսի ջրագծեր ենք հայտնաբերում, որոնք ուղղակի քայքայված են: Մենք եղած ցանցը պետք է անընդհատ փոփոխենք, որպեսզի մի քանի տարի հետո կոնկրետ արդյունք ունենանք»,- ընդգծեց նա` հավելելով, որ ջրամատակարարման ցանցը բավականին հին է և արդիականացման կարիք ունի։
Անդրադառնալով մատակարարվող ջրի որակին, Գ.Մարգարյանը նշեց, որ անկախ աուդիտի տված վերջին գնահատականով, ընկերությունը հասել է տպավորիչ արդյունքների ջրամատակարաման և ջրի մանրէաբանական որակի ապահովման առումով։
Խոսելով 1-85 ծառայության աշխատանքներից, նա խոստովանեց, որ ծառայության որակից բազմաթիվ դժգոհություններ կան:
Գ.Մարգարյանը նշեց, որ ընկերությունը տեխնիկական որոշ նորամուծություն է արել ծառայությունում, մասնավորապես, բոլոր զանգերը ձայնագրվում են և հսկվում, որպեսզի կարողանան այդ կերպ բարելավել սպասարկման որակը: Նրա խոսքերով, բողոքները ավելանում են հատկապես մեծ վթարների ժամանակ. «Այս ամսվա վերջ մեր բաժանորդներին կներկայացնենք նոր նախագիծ, ինչը տեղեկատվության մակարդակն էապես կբարձրացնի»:
Ինչ վերաբերում է ջրի սակագներին, ապա այս տարի ևս ընկերությունը հայտ կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ «այմանագրով նախատեսվում է, որ ընկերությունը յուրաքանչյուր տարի սակագնի ճշգրտման հայտ պետք է ներկայացնի։ Առայժմ հայտնի չէ՝ սակագնի իջեցում, թե բարձրացում կլինի։ Կան պայմանագրային պարտավորություններ, պայմանագրով նախատեսված ճշգրտումներ։ Իսկ ճշգրտման արդյունքում ինչ կունենանք, ցույց կտա ժամանակը»,- ասաց Գ.Մարգարյանը։
Աղբյուր`http://panorama.am
